Խոշորացող համայնքներում բազմաֆունկցիանալ համայնքային սպասարկման կենտրոններ կձևավորվեն

Համայնքներում բնակչությանը մատուցվող ծառայությունների որակը և արդյունավետությունը բարձրացնելու վերաբերյալ այսօր կառավարության նիստին վարչապետ Կարեն կարապետյանը հանդես եկավ հանձնարարականով։

Կարապետյանն ասաց, թե արդեն իսկ գործարկվել է համալիր սոցիալական ծառայությունների 19 կենտրոն։

«Մատուցվող ծառայությունների որակը բարելավելու նպատակով աշխատանքներ են տարվում խոշորացող համայնքներում բազմաֆունկցիանալ համայնքային սպասարկման կենտրոններ ձևավորելու ուղղոթյամբ», — ասաց վարչապետը, ապա նշեց, թե կարևորում է համայնքային ծառայությունները մեկ պատուհանով սպասարկելը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի, տարածքային կառավարման և զարգացման նախարարներին և պետական գույքի կառավարման վարչության պետին վարչապետը հանձնարարեց տասնօրյա ժամկետում մշակել և կառավարություն ներկայացնել համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների և բազմաֆունկցիոնալ սպասարկման կենտրոնների նույն հարթակում կազմակերպելու նպատակով առաջարկներ։

Արտեմ Ասատրյանին վարչապետը հանձնարարեց միջոցներ ձեռնարկել համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների ձևավորման գործընթացի արդյունավետության բաձրացման ուղղությամբ և ամսական պարբերականությամբ դրանց մասին տեղեկատվություն ներկայացնել կառավարություն:

Կարեն Կարապետյանն ասաց, որ այստեղ ունենալու են ֆինանսական միջոցների օպտիմալացում և տնտեսվող միջոցներն ուղղելու են տեխնիկական վերազինմանը։

 


Այս թեմայով