Խնդրում եմ ազատել ծառայությունից չորրորդ որդուս. զոհված զինվորի մայր

8336142015թ.-ի դեկտեմբերի 18-ին զոհված շարքային Ռուբեն Ալեքսանյանը վիրավոր վիճակում կրակել է բոլոր 120 փամփուշտները՝ մեկն անգամ չթողնելով իր համար։ Այս մասին այսօր նախագահական նստավայրում լրագրողների հետ զրույցում արցունքն աչքերին պատմեց զոհվածի մայրը՝ Լուսիկ Ալեքսանյանը, ով ստացավ որդու հետմահու պարգը՝ «Արիության մեդալը»։ Նա նաև ասաց, որ իր որդին հերոսաբար է կռվել ու զոհվել։

«Ռուբենն իմ երրորդ որդին է, նա զույգ եղբայր ունի, ով այսօր շարունակում է ծառայել հայոց բանակում։ Նրանք միաձվային զույգեր են, և զույգ եղբայրը շատ ծանր է տանում Ռուբենի մահը, անգամ այդ օրը, երբ Ռուբենը զոհվել է նա զգացել է, տեղից վեր է թռչել։ Ես հիմա նաև խնդրում եմ պատկան մարմիններից ազատել ծառայությունից չորրորդ որդուս, ես չորս զինվոր եմ տվել այս երկրին»,-ասաց նա։

Այնուհետև տիկին Լուսիկը հիշեց այն օրը, երբ լուս աշխարհ էր բերել զույգ որդիներին.«Մեր Տաշիրի հիվանդանոցում են ծնվել, բժիշկներն ասացին՝ եթե մեր պետությունը աղքատ չլիներ, իսկ գիտենք, թե 1996թ.-ը դժվար տարիներից մեկն էր, պետք է քեզ այստեղից զարդարված ուղարկեին, որովհետև 4-րդ  զինվորներ ես տալիս»,-ասաց նա։

Դիտվել է 4,276 անգամ
 


Այս թեմայով