Խաչատուր Սուքիասյանը հետևողական պայքարեց և գնաց Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու

59676Նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում պայքարող հասարակության կամքը հիմնականում կոտրել են առաջնորդները, որոնք պատրաստ չեն եղել գնալ մինչև վերջ և իրենց առաջարկած գաղափարների համար զոհել իրենց: Ահա թե ինչու այսօր կատարյալ անվստահություն է՝ թե ընդդիմության, թե իշխանության նկատմամբ: Հանրությունը չգիտե, թե իր խնդիրների լուծումը ում վստահի և որ գործիչը մի կողմ դնելով իր անձնական շահերը կամ անվտանգությունը հանրության շահերը կպաշտպանի մինչև վերջ:

Տարիներ առաջ գործարար Խաչատուր Սուքիասյանը հանդես էր գալիս ընդդիմադիր դիրքերից և խոսում հանրության իրավունքների մասին ու գործող իշխանությունների ապօրինի լինելու մասին.«Անօրինական հարձակումները, ճնշելու անզուսպ ցանկությունը միայն մեր ընտանիքի, մեզ պատկանող ձեռնարկությունների հանդեպ չեն։ Այսօրվա իշխանությունները հետապնդում են բոլոր նրանց, ովքեր ազատ մտածելակերպ ունեն, ովքեր ցանկանում են ինքնուրույն ընտրություն կատարել, ովքեր այս երկրում ցանկանում են ազատ քաղաքացիներ լինել։ Բայց դա թուլության նշան է։ Վերջին տարիների ընթացքում իշխանությունները գործել են այնպես, կարծես ցանկացած կազմակերպության կամ անձի սեփականությունը իրենցն է` ինչպես ուզեն, այնպես կվարվեն։ Եւ սա ես համարում եմ ամենավտանգավորը. մարդկանց վախեցնելու, նրանց սեփականությունը խլելու, նրանց ունեզրկելու գործելակերպի պատճառով երկիրը մնում է թերզարգացած, եւ այն ձեռքբերումները, որ պետք է ունենայինք, չենք ունեցել……Ես իմ ընտրությունը կատարել եմ, Լեւոն Տեր-Պետրոսյանի համախոհն եմ, համարում եմ ինձ Հայ ազգային կոնգրեսի անդամ, ընդունում եմ ՀԱԿ-ի գաղափարախոսությունը։ Բազմիցս ասել եմ եւ կրկնում եմ. ես ազատական տնտեսության, ժողովրդավարական պետության կողմնակից եմ եւ պայքարելու եմ իմ գաղափարների իրականացման համար»,-ասել էր գործարարը «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում 2010 թվականին։

Իսկ ահա մի քանի տարի անց նույն գործարարը, որը խոսում էր այս իշխանությունների անօրինական լինելու մասին և 2008 թվականին պայքարում էր գործող իշխանության գլխի՝ Սերժ Սարգսյանի դեմ և իր դիրքորոշման համար երկար ժամանակ ենթարկվեց քաղաքական հետապնդումների՝ հպարտորեն տարածում է լուրեր, որ հանդիպել է նույն Սերժ Սարգսյանի հետ և քննարկել է տնտեսական հարցեր: Հետաքրքիր է՝ անօրեն իշխանության գլխի հետ ինչպես կարելի է տնտեսական հարց քննարկել: Ինչպես կարելի է տնտեսական հարցեր քննարկել մեկի հետ ում եղբայրը «փայ» է մտնում գրեթե բոլոր ոլորտների երևացող ընկերություններում:
Սերժ Սարգսյան-Խաչատուր Սուքրասյան հանդիպման արդյունքում մի շոշափելի արդյունք է արձանագրվել, որ Սուքիասյան ընտանիքը նոր թափով սկսել է իր բիզնես գործունեությունը և ավարտին է հասցնում Տիգրան Մեծ փողոցի վրա գտնվող առևտրի կենտրոնը, որի շինարարությունը կանգնել էր 2008 թվականից:
Հ.Գ. Սուքիասյանը տարիներ առաջ հայտարարել էր, որ հետեւողականորեն պայքարել ի հայ ժողովրդի իրավունքների եւ ազատությունների վերականգնման համար եւ համոզված է, որ արդարությունը, ի վերջո, հաղթանակելու: Փաստորեն արդարությունը հաղթանակեց և նա ավարտին հասցրեց իր առևտրի կենտրոնը:

Անի Ասլյան

Դիտվել է 869 անգամ
 


Այս թեմայով