Խաղաղության պայմանագրի այլընտրանքը

«Հայաստանի իշխանության տար­բեր ներկայացուցիչներ հասցրել են մի քանի անգամ հայտարարել, որ միջազգային հանրությունը հա­մարժեք չի արձագանքել Երևանի նկատմամբ Ալիևի հավակնու­թյուններին, որ նա բարձրաձայնել էր «Յենի Ազերբայջան» կուսակցու­թյան համագումարում: Իհարկե, ավելի ուշ ադրբեջանցիները խմբագրեցին իրենց նախագահի հայտարարությունները՝ ասելով, թե նա ոչ թե «պատմական տա­րածքները վերադարձնելու» մասին է խոսել, այլ՝ «պատմական տա­րածքներ ադրբեջանցիների վերա­դարձի»:

Սակայն բոլոր դեպքերում խոսքը մի­ջազգային իրավունքի մի սուբյեկտի մեկ այլ սուբյեկտի հանդեպ ագրեսիվ բովանդակությամբ հայտարարության մասին է, որն անկասկած ունի հասցեական արձագանքի կարիք: Մյուս կող­մից՝ դարձյալ պետք է գալ թերևս հա­մաշխարհային քաղաքականության աքսիոմատիկ ճշմարտություններից մեկին, որը, սակայն, Հայաստանի հանրության և հատկապես իշխանու­թյան դեպքում, կարծես թե, այդքան էլ լիարժեք գիտակցված չէ:

Համաշխարհային քաղաքականու­թյան մեջ արձագանքները ձևակերպվում են իրական շահերի վրա, իսկ մի­ջազգային իրավունքի նորմերը դրանց սպասարկող գործիքներ են, ոչ թե հա­կառակը: Ըստ այդմ՝ որևէ հարցում մի­ջազգային հանրությունից համարժեք արձագանք ակնկալելու մասով Հայաստանը, իհարկե, ազատ է միշտ, սա­կայն եթե ակնկալիքը գործնական է, ապա այստեղ, իհարկե, հարկավոր է ոչ թե ակնկալել, սպասել, այլ ձևավորել միջազգային հանրության վերաբեր­մունք: Իսկ միջազգային հանրության վերաբերմունք ձևավորում են ամեն օր, ամեն ժամ, պետականաշինության աշխատանքով, պետական որակնե­րով, արդիականությամբ, քաղաքակր­թությամբ: Այլ կերպ ասած՝ միջազգա­յին հանրության վերաբերմունքը ուղիղ համեմատական է հայկական պետա­կանության որակներին, ուղղակիորեն կախված է այն բանից, թե ինչպիսի մասնակից է Հայաստանը իբրև համաշխարհային կյանքի սուբյեկտ:

Կասկած չկա, որ եթե Ալիևը, օրի­նակ, հայտարարի նույնը եվրոպական որևէ մայրաքաղաքի մասով, եվրո­պացիների արձագանքը կլինի շատ կոշտ և հասցեական: Տեսականում անարդար է, որ Երևանի դեպքում չկա այդպիսի վերաբերմունք: Եվ այստեղ, իհարկե, միայն արդարությունը չէ խնդիրը, այլ պրակտիկ քաղաքականությունը՝ անվտանգության տեսան­կյունից, որովհետև Ալիևի հանդեպ լռությունը, իներտությունը կամ հավա­սարության նշանով չեզոքությունը նրան ուղղակի սնուցում են անպատժելիության զգացումով, ինչը կարող է կտրուկ բարձրացնել արկածախնդրու­թյան ռիսկը: Իսկ այստեղ արդեն ապակայունացումը Եվրոպայից միայն թվացյալ է հեռու, քանի որ հայ-ադրբեջանական հաջորդ պատերազմը այ­լևս չի լինելու երկկողմ և մեծ հավա­նականությամբ նույնիսկ տարածաշրջանային սահմանով չի պարփակվի՝ հաշվի առնելով թե՛ կուտակված սպա­ռազինությունը, թե՛ ներգրավված աշխարհաքաղաքական շահերի բազմազանությունը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 


Այս թեմայով