Խաղալիքների մեջ հայտնաբերվել է թմրանյութ

maxՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչությունը բացահայտել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման 30 դեպք. տուգանքի չափը կազմել է մոտ 37 մլն դրամ: Բացահայտված դեպքերի վիճակագրությունը փաստում է, որ գերակշռում են թմրամիջոցի ապօրինի տեղափոխման փորձերը: Վարչության օպերատիվ հետախուզության և արագ հակազդման բաժնի ավագ մաքսային տեսուչ Տիգրան Սինոյանի խոսքով թմրանյութի անօրինական ներմուծման ամենախոշոր դեպքով մաքսանենգության թիրախը եղել է փոստային առաքանիների ուղին. «Գերմանիայից Հայաստան ուղարկված` առաջին հայացքից սովորական թվացող ծանրոցի ուսումնասիրությամբ պարզվել է, որ խաղալիքների և հագուստի պարունակությամբ առաքանում թմրանյութ է թաքցված: Մանրակրկիտ զննության արդյունքում խաղալիքների մեջից հայտնաբերվել է սպիտակ գույնի B8 գրառմամբ 1380 հաբ»: Պարզվել է, որ առգրավվածը «սուբուտեքս» տեսակի թմրամիջոց է` 11,04 գրամ բուպրենորֆինի պարունակությամբ, ընդ որում, ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն` բուպրենորֆինի 0,2 գրամն արդեն իսկ համարվում է առանձնապես խոշոր չափ:

 Այնուհետև կանխվել է խոշոր խմբաքանակով թմրանյութի անօրինական տեղափոխման ևս մեկ փորձ ու կրկին փոստային առաքանիների միջոցով: «Հայաստանից Կանադա արտահանվող 5.58 կգ ընդհանուր քաշով ծանրոցի զննման արդյունքում պարզվել է, որ առկա 5,54 կգ քաշով ընդեղենի միջուկը փոխարինվել է մուգ շագանակագույն, յուրահատուկ հոտով ափիոնանման զանգվածով»,-նշել է Տիգրան Սինոյանը: Դատաքիմիական փորձաքննությամբ հաստատվել է, որ հայտնաբերված զանգվածն «ափիոն» տեսակի թմրամիջոց է: Ծանրոցն ուղարկողը՝ Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի, Երևանում փաստացի բնակվող, ազգությամբ հայ՝ Հագոպ Կրիկորի Դերներսեսյանը, հայտնաբերվել և նույն օրը ձերբակալվել է: Մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության իրականացրած միջոցառումների արդյունքում այլ դեպքերով ևս հատուկ հարմարեցված տարբեր տեսակի թաքստոցներից հայտնաբերվել են ափիոն, հաշիշ, մեթադոն և տրամադոլ տեսակի թմրամիջոցներ ու հոգեմետ նյութեր:

 Վարչության աշխատակիցները մի շարք բացահայտումներով առգրավվել են 207 տարբեր տեսակի բջջային հեռախոսներ և պլանշետներ, որոնցից 111-ը հայտնաբերել են Բագրատաշենի մաքսակետում` Վրաստանից ժամանած «Մերսեդես-Բենց» ավտոմեքենայի սրահում նախապես պատրաստված գաղտնարանից: Ավտոմեքենայի վարորդը հայտարարել է, որ հայտնաբերված ապրանքները թաքցրել է մաքսային ձևակերպումներից խուսափելու համար:

 Փորձ է արվել ապօրինի ճանապարհով Հայաստան ներկրել նաև մեծ քանակությամբ դեղորայք, տարբեր տեսակի կենցաղային տեխնիկա, ավտոմեքենաներ, ավտոպահեստամասեր, տնտեսական ապրանքներ և սննդամթերք: 5 դեպքով էլ կանխվել է դիզելային վառելիքի անօրինական ներկրման փորձ:

Դիտվել է 226 անգամ
 


Այս թեմայով