Լևոն Երանոսյանն ու Հունան Պողոսյանը կհարցաքննվեն

փոխոստիկանապետեր« Իլուր» լրատվական կայքի լրագրող Հակոբ Կարապետյանը հուլիսի 7-ին հրավիրվել է ոստիկանության ներքին անվտանգության վարչություն՝ հունիսի 23-ի դեպքերի հետ կապված իր ներկայացրած հանցագործության մասին հաղորդման վերաբերյալ բացատրություն տալու, սակայն ոստիկանությունում լրագրողին գործարք են առաջարկել: Այս մասին գրում է forrights.am-ը:
Հակոբ Կարապետյանն ասում է հանցագործության մասին հաղորդում տալով, ինքն ակնկալում էր, որ այն կուղարկվի Հատուկ Քննչական Ծառայություն՝ քրեական գործ կհարուցվի իր նկատմամբ բարձրաստիճան ոստիկանի կողմից հանցագործություն կատարելու վրաբերյալ, սակայն ոստիկանությունը որոշել է ընդամենը ծառայողական քննություն անցկացնել:
Ոստիկանությունում, նախ Հակոբին հավաստիացրել են, որ փոխհատուցում են տալու, հարցրել են, թե ինչ վնաս է կրել հունիսի 23-ին՝ ցույցը ցրելիս.
« Ասացին, թե որոշում կա, որ ամսի 23-ին կրած բոլոր վնասները, որոնց մասին լրագրողները հայտարարում են՝ անկախ նանից ոստիկանները մեղավոր են, թե ոչ, փոխհատուցում է տրվելու, ասացի շատ լավ: Ինձ ասացին, թե այդ դեպքում պետք է գրեմ, որ ոստիկանության դեմ որևէ բողոք չունեմ»:
Լրագրողն ասել է, որ համաձայն չէ, քանի որ իր համար կարեւորը ոչ թե փոխհատուցումն է, այլ հանցագործություն կատարած ոստիկանների դեմ քրեական գործ հարուցելը: Բացատրություն տալու ընթացքում քննող ոստիկանը հարցրել է նաև, թե իր հետ կատարվածի ժամանակ ովքեր էին ներկա, ինչ ոստիկաններ կային .
« Ասացի, որ ներկա ոստիկաններից ճանաչում եմ միայն Հունան Պողոսյանին եւ Լեւոն Երանոսյանին: Հաղորդման մեջ գրել էի, որ Հունան Պողոսյանը հրահանգել էր ինձնից վերցնել տեսախցիկիս հիշողության քարտը,  իսկ մինչ այդ էլ տեսել եւ նկարահանել էի, թե ինչպես է Լեւոն Երանոսյանը գետնով տալիս եւ կոտրում լրագրողներից մեկի տեսախցիկը: Բարձրաստիճան ոստիկանների անւնները լսելուց հետո քննիչն ասաց,թե թե օրենքը իրեն չի արգելում քննել նշված բարձրաստիճան երկու ոստիկաններին»:
Մեկնաբանելով իրեն գործրարք առաջարկելու մասին Հակոբ Կարապետյանի հայտարարությունը, ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության ծառայության ղեկավար Աշոտ Ահարոնյանն ասաց.
« Տեղեկատվությանը ծանոթ ենք, կուսումնասիրենք, արդյունքների մասին կտեղեկացնենք»: Հարցին, թե արդյոք լրագրողի հաղորդման հիման վրա նշանակված ծառայողական քննության շրջանակներում հարցաքննվել են Լեւոն Երանոսյանը եւ Հունան Պողոսյանը, Ահարոնյանը ասաց, որ ծառայողական քննությունը դեռ ընթացքի մեջ է, դրա արդյունքների մասին կտեղեկացնեն դրա ավարտից հետո:
Հիշեցնենք, որ հունիսի 23-ին ոստիկանության օպերացիայի հետեւանքով ֆիզիկական բռնության է ենթարկվել 13 լրագրող ու օպերատոր, խոչընդոտվել է տարբեր ԶԼՄ-ների շուրջ 15 ներկայացուցչի օրինական մասնագիտական գործունեությունը, վնասվել կամ կոտրվել են լրագրողների աշխատանքային գործիքները, առգրավվել տեսանկարահանող սարքավորումներն ու հիշողության քարտերը: Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում:

 

Դիտվել է 1,041 անգամ
 


Այս թեմայով