Լևոն Արոնյանի կինը դեմ է դատապարտյալներին ներելուն

arm146124040589.thumbԱյս օրերին հասարակության ամենատարբեր շերտեր, սպասում են հնարավոր համաներմանը, որի արդյունքում բազմաթիվ  դատապարտյալներ, այդ թվում հանիրավի բանտում հայտնված մարդիկ, կարող են հայտնվել ազատության մեջ:  Շատերը սպասում են, որ համաներման արդյունքում ազատ կարձակվեն «Սասնա Ծռեր» խմբի այն անդամները, որոնք ոստիկանների սպանությունների հետ կապ չունեն և իրենց միակ «հանցանքը» համակարգի դեմ ընդվզումն է:

Այսօր մետրոյի «Զորավար Անդրանիկ» կանգառից վերցրեցի հայ շախմատիստ Լևոն Արոնյանի կնոջ` Արիանայի կողմից հիմնված «Ճամփորդ» շաբաթաթերթը:  Զարմանքս մեծ էր, երբ տեսա  թերթի խմբագրականը: «Ներումն իմաստազրկում է պատիժը» վերտառությամբ խմբագրականը ինձ հիշեցրեց սովետական միության տարիներին տպագրվող «Սովետական Հայաստան» թերթի հոդվածների ոճը:

Պարզվում է` հայտնի մարզիկի կինը, լրիվ այլ պատեկարցումներ ունի ներման մասին և կարծում է, որ սխալ է բանտում հայտնված մարդուն ժամանակից շուտ ներում շնորհել.«….Մենք նաև հարկեր ենք վճարում, որ նրանք, ովքեր հանցանք են կատարում,  պատժվեն և դատարանի ու դատավորների կողմից սահմանված որոշակի ժամանակով անազատ և «ոչ քաղաքացի» հռչակվեն:

Սակայն կարևոր չէ` նրանք ծանր հանցագործներ են, հոգեկան հիվանդներ, թե երիտասարդ գողեր, ում հարկավոր էր հաց հասցնել տանեցիների սեղանին: Կամ էլ ուղղակի գրանցված աշխատողներ, ովքեր մտածել են, որ կարող են գումար աշխատել: Մեկ է նրանք բոլորն էլ խախտել են օրենքը, մինչդեռ մենք «լավ քաղաքացիներս» այդ օրենքը չենք խախտել…»,-ասվում է Արիանայի հեղինակած խմբագրականում:

Ահա այսպես տիկին Արիանան ատելություն է քարոզում մարդկանց նկատմամբ, որոնք օրենք են խախտել: Իհարկե օրենք խախտել լավ բան չէ, իհարկե քաղաքացին պետք է ըստ օրենքի պատիժ ստանա, սակայն պատիժը չպետք է լինի մարդուն կործանող, այլ պետք է օրենք խախտած քաղաքացուն փոխված վերադարձնի հասարակություն:

Իհարկե տիկին Արիանան իր հոդվածի այլ մասերում փորձել է մեղմել իր տեսակետը, սակայն դա ընդհանուր միտքը չի փոխում:  Տիկին Արիանան գուցե միայն էլիտար շրջանակներում է լինում և տեղյակ չէ, որ կան բազմաթիվ քաղաքացիներ, որ հանիրավի բանտարկվել, մարդիկ ովքեր պատիժ են կրում միայն այն պատճառով,  որ դեմ են դուրս եկել այն համակարգին, որը տիկին Արիանայի սիրելի շրջապատն է:

Փաստորեն, տիկին Արիանան ճիշտ ժամանակ է ընտրել և իր 15 000 տպաքանակ ունեցող և անվճար բաժանվող շաբաթաթերթի միջոցով փորձում է հանրության մոտ կարծիք ձևավորել: Եվ վստահորեն կարելի է ասել, որ այս ամենի թիրախում են նաև «Սասնա Ծռերի» տղաները: Փաստորեն «Ճամփորդը» մշակութային, հասարակական շաբաթաթերթը, այլևս կարելի է համարել նաև քաղաքական գործիք:

Անի Ասլյան

Դիտվել է 890 անգամ
 


Այս թեմայով