Լֆիկ Սամոն կեղծ դեղե՞ր է ներկրում․ ԱԱԾ-ն կզբաղվի՞ օլիգարխով

Հայաստանում միշտ էլ արդիական է եղել կեղծ դեղերի խնդիրը։ Առողջապահության նախարարության հրապարակած տեղեկությունների համաձայն՝ 2010-2015թթ. ընթացքում հայտնաբերվել է 12 անվանում կեղծ դեղ և կենսական հավելում։ Բացի այս, նախորդ տարիներին մամուլում եղել են բազմաթիվ հրապարակումներ այն մասին, որ հանրապետության դեղատներում կան կեղծ դեղեր, որոնց մասին պետական մարմինները տեղեկություններ չեն հրապարակում։ Ըստ այդ հրապարակումների՝ այդ կեղծ դեղերը անգամ արտադրվում են Հայաստանում։

2007թ. ՀՀ նախագահի կողմից հաստատվել է «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարություն» ծրագիրը, որտեղ կեղծ դեղերի դեմ պայքարն ամրագրվել է որպես ազգային անվտանգության պահպանման գործոն։

Դրանից հետո՝ 2008թ., ԱՊՀ երկրները Քիշնևում ստորագրել են «Կեղծ դեղերի շրջանառության դեմ պայքարի համագործակցության մասին համաձայնագիր»։

Չնայած ստորագրված հուշագրերին և հաստատված ռազմավարությանը՝ կեղծ դեղերի դեմ պայքարը այդպես էլ տեսանելի չդարձավ նախորդ իշխանությունների ղեկավարման տարիներին։ 2010 թվականից մինչ օրս կեղծ դեղերի գործով ընդամենը մեկ գործ է մտել դատարան։ 280-րդ հոդվածի 2-րդ մասով (կեղծ դեղեր պատրաստելը կամ իրացնելը) քրեական գործ է հարուցվել  Տիգրան Ավետիսյանի դեմ. նա կեղծել է որոշ դեղերի պարունակությունը,  տարբեր դեղատներից ժամկետանց դեղեր է ձեռք բերել և իրացրել դրանք, մաքրել ժամկետներն ու նույն տեղում համակարգչի միջոցով տպված այլ պիտակներ է փակցրել։

Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին մամուլում հաճախ էր խոսվում, (տես՝ այստեղ) այն մասին, որ կեղծ և անորակ դեղերի ներկրմամբ և վաճառքով զբաղվում է ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը՝ «Լֆիկ» Սամոն։  Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Նատալի Ֆարմ» ընկերությունը Հայաստան դեղ ներմուծող հիմնական կազմակերպությունն է։ Ալեքսանյանը նաև հանրապետության ամբողջ տարածքում ունի մի քանի տասնյակից ավել «Նատալի ֆարմ» անունը կրող դեղատներ։ Սա ևս մեկ պատճառ է, որպեսզի կասկածն. Ալեքսանյանը ունի բոլոր հնարավորությունները դրանք ներկրելու և իրացնելու։

Նախորդ իշխանությունների տարիներին հասկանալի էր, որ Ալեքսանյանի դեմ որևէ քայլ չի արվելու։ Հիմա երկրում իրավիճակ է փոխվել, և մենք չենք կարող մեզ շռայլություն թույլ տալ ու չստուգել տարիներ ի վեր շրջանառվող այս լուրերը։ Խոսքը հարյուր հազարավոր քաղաքացիների առողջության մասին է, ու սա կարելի է համարել նաև ազգային անվտանգության հարց։

Այս իրավիճակում անելիք ունի հենց ԱԱԾ-ն։ Իրավապահ այս կառույցը պետք է մանրամասնորեն ուսումանասիրություն կատարի այս ոլորտում։ Պետք է պարզել՝ Սամվել Ալեքսանյանը զբաղվու՞մ է կեղծ դեղերի ներկրմամբ և վաճառքով, թե՞ ոչ։

Այս թեմայով