Լպուտյանն արգելում էր

Երեկ մեր խմբագրություն էին ահազանգել մի խումբ շախմատիստ երեխաների ծնողներ եւ բողոքել, որ Շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, Շախմատի ակադեմիայի տնօրեն Սմբատ Լպուտյանն արգելում է իրենց երեխաներին մասնակցել առաջիկայում Վրաստանի Բաթումի եւ Փոթի քաղաքներում կայանալիք միջազգային մրցաշարերին:

Ծնողները պատմեցին, որ Լպուտյանը հրահանգել է մարզիչներին, որպեսզի սաներին չտանեն Վրաստան, պատճառաբանությամբ, թե վրացիներն էլ ՀՀ-ում կայանալիք մրցումներին չեն մասնակցում, ուստի պետք է համարժեք պատասխան տրվի: Միայն թե, ծնողների պնդմամբ, Վրաստանյան մրցաշարերն իրենց համար ձեռնտու է մի քանի առումով` իրենք հանգստանում են ծովափին, երեխաները` շախմատի մրցաշարի մասնակցում, եւ բացի այդ, հարեւան երկրում հանգիստն ավելի էժան է ստացվում:
Մեզ պատմեցին, որ Լպուտյանը նախորդ տարի եւս փորձել էր նման կերպ արգելել, սակայն ծնողները միեւնույն է,իրենց երեխաներին տարել էին հարեւան երկիր, նույնիսկ մի քանիսը տարիքային խմբում մեդալ էր նվաճել:
Խնդրի կապակցությամբ Politik.am-ը կապ հաստատեց  Շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, Շախմատի ակադեմիայի տնօրեն Սմբատ Լպուտյանի հետ: Նա մեզ հետ զրույցում ասաց, որ նման արգելք չի սահմանել.«Նախ ես հեռախոսով նման հարցերի չեմ պատասխանում և հետո նման արգելք չի եղել»,-ասաց Լպուտյանը:
Մեզ հաջողվեց խոսել նաև մի քանի ծնողների հետ ում երեխաները պետք է գնային Վրաստան: Ծնողների հավաստմամբ նման արգելք եղել է իրականում, սակայն մի քանի օր առաջ ծնողներին տեղեկացրել են, որ Լպուտյանը հանել է արգելը ու տեղեկացրել, որ կարող են երեխաները գնալ Վրաստան:

Այս թեմայով