«Լուսավոր Հայաստանի» պահվածքն Արայիկ Հարությունյանին հայտնի անեկդոտ է հիշեցրել

արայիկ«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Արայիկ Հարությունյանը անդրադարձել է «Լուսավոր Հայաստանի» վերջին երկու օրվա պահվածքին եւ, մասնավորապես, այսօր Ազատություն ռադիոկայանի եթերում այդ կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի արած հայտարարությանը, թե ինքն ինչ էլ հայտարարեր, ինչ էլ աներ, ՔՊ-ն միևնույնն է՝ ինքնաբացարկ չէր հայտնելու։

«Ի գիտություն Մարուքյանի և ընկերների հայտնեմ, որ երեկ առավոտյան մեր իրավական հարցերով պատասխանատուին խնդրել եմ պատրաստել Վանաձորի ընտրություններից ինքնաբացարկի որոշման նախագիծ, Վարչությունը փոփոխություններ անելուց հետո այն հաստատել է, և ես եղել եմ ճանապարհին դեպի Վանաձոր, որպեսզի տեղում անձամբ ստորագրեմ փաստաթուղթը, կնքեմ, և լիազոր ներկայացուցիչը հանձնի ընտրատարածքային հանձնաժողով։ Եվ ճանապարհից հետ եմ դարձել միայն Մարուքյանի խուսափողական հայտարարությունից հետո: Այս ամենը նկարագրեցի՝ վերահաստատելու, որ մեր Կուսակցության հայտարարություններն ու դրանից բխող գործողությունները չեն հակասում մեկը մյուսին»,- գրել է Հարությունյանը։

Ընդ որում, ըստ Հարությունյանի՝ Մարուքյանի կողմից Սերժ Սարգսյանին Մարտի 1-ի և կեղծված ընտրությունների պատասխանատու համարելուց և դրա մասին բարձրաձայնելուց խուսափելն իրեն հիշեցնում է հայտնի անեկդոտ.

«…երբ ամուսինը հարբած գալիս է տուն, կինն ասում է.
-Խմած ես
-Խմած չեմ
-Խմած ես
-Խմած չեմ
-Դե ասա՝ քաղաքապետարան
-Խմած եմ, խոստովանում է ամուսինը։ ։)

Վերաձևակերպելով այս անեկդոտը՝
-Ընդդիմություն չես
-Ընդդիմություն եմ
-Դե ասա, որ Սերժ Սարգսյանը պատասխանատու է Մարտի մեկի սպանդի և կեղծված ընտրությունների համար։
-Ընդդիմություն չեմ»։

Հիշեցնենք, Էդմոն Մարուքյանը նախօրեին կոչով դիմեց Վանաձորի ընտրություններին մասնակցող ընդդիմադիր մյուս կուսակցություններին՝ ըստ էության առաջարկելով ինքնաբացարկ հայտնել հօգուտ «Լուսավոր Հայաստանի»: Ընդդիմադիրներն անարձագանք թողեցին Մարուքյանի այս առաջարկը՝ բացառությամբ «Քաղաքացիական պայմանագրի»:

ՔՊ-ն առաջարկեց հայտարարել, որ Սերժ Սարգսյանն անձամբ պատասխանատվություն է կրում Մարտի 1-ի ոճրագործության համար, ընտրվել է կեղծված ընտրություններով և չի հանդիսանում լեգիտիմ նախագահ։ Մարուքյանին առաջարկվում էր նաեւ որպես ԱԺ պատգամավոր Սերժ Սարգսյանի իմպիչմենտի նախագիծ ներկայացնել խորհրդարանում:

Ի պատասխան, Մարուքյանը երեկ արձագանքեց միայն իմպիչմենտի առաջարկին` նշելով, որ եթե մինչեւ ժամը 18:00-ն ՔՊ-ն ինքնաբացարկ հայտնի՝ ինքը պատրաստ է ստորագրել Սերժ Սարգսյանին իմպիչմենտի ենթարկելու նախաձեռնության տակ:

Արձանագրելով, որ «Լուսավոր Հայաստան»-ը, ըստ էության, մերժել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջարկի բոլոր երեք կետերը, ՔՊԿ-ն հայտարարեց, որ իրենք շարունակելու են ընտրապայքարը Վանաձորում եւ շարունակում են պնդել «Լուսավոր Հայաստանի» եւ Էդմոն Մարուքյանի գործունեության վերաբերյալ իրենց կուսակցության Վարչության ներկայացուցիչների՝ նախկինում արած հայտարարությունները:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հեղինակած Իմպիչմենտի նախագծին, տարածված հայտարարությունում այդ կապակցությամբ ասվում էր. «ԱԺ պատգամավորը պարտավոր էր իմանալ, որ ԱԺ-ի կողմից այն մերժվելուց հետո դուրս է եկել շրջանառությունից եւ հիմա ԱԺ-ում շրջանառվող փաստաթուղթ չի համարվում, ուստի այլ պատգամավորների միանալը դրան հնարավոր չէ»:

 


Այս թեմայով