«Լույս»-ը հայտարարում է՝ դատի կտա քաղաքապետին

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն ասել է, որ իրենք քաղաքապետին դատի կտան, եթե նա անուն առ անուն չհրապարակի, թե քաղաքապետարանի աշխատակիցները որքան պարգևավճար են ստացել տարեվերջին: Պարգևավճարների վերաբերյալ Խաժակյանի հարցումը քաղաքապետին մնացել է անարձագանք: Խաժակյանը կարծում է՝ քաղաքապետի գործողությունը վնասում է թափանցիկությանը

Նա նշում է՝ նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանն անգամ հրապարակել էր, որ ինքն իրեն մեկ ամսվա աշխատավարձի չափով պարգևատրել է: Ուստի՝ Խաժակյանը ցանկացավ ճշտել՝ գուցե Մարությանը վախենում է հասարակության արձագանքից։

«Բայց կարող եմ ասել, որ Երևանի քաղաքապետը չի ստացել պրեմիա, զրո։ Ես ուզում եմ փարատեմ բոլորի էս կասկածները, որ մենք ոչ մի բանից մտավախություն չունենք։ Ինչո՞ւ՝ որովհետև մենք բաց, թափանցիկ և հստակ ենք»,- ասաց Երևանի փոխքաղաքապետը։
Երևանի քաղաքապետարանի և համայնքապետարանների շուրջ 2 հազար աշխատակցի բաշխվել է մեկ միլիարդ 200 միլիոն դրամի չափով պարգևավճար և խրախուսանք: Սակայն փոխքաղաքապետը նաև համարում է, որ անուն առ անուն այդ ցանկը հրապարակելը կդիտվի որպս մարդու իրավունքների խախտում:

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքն է պահանջում պարգևատրման վերաբերյալ քաղաքապետի կարգադրությանը կից հրապարակել հավելվածը, որտեղ, ըստ Դավիթ Խաժակյանի, պետք է լինի պարգևավճարի հասցեատերերի անունների ողջ ցանկը:

«Որպեսզի «Լույս» դաշինքի պահանջի կատարելու իրավական հիմքերում վստահ լինեինք կատարելու կամ չկատարելու մեջ, դիմել ենք Արդարադատության նախարարություն՝ որպես իրավական ակտերը մեկնաբանող պետական լիազոր մարմնի, որպեսզի նախարարությունը մեզ ավելի հստակ, հանգամանալից մեկնաբանի՝ արդյո՞ք մեր կողմից անհատական տվյալներով պարգևատման գումարները անվանական հրապարակելը չի հանգեցնի մարդու իրավունքների անհատականության և գաղտնիության իրավունքի խախտմանը», — ասել է փոխքաղաքապետը:

Այս թեմայով