Լուկաշենկո. Իլհամ Ալիևի հետ պայմանավորվածությունները սրբություն են մեզ համար

Բելառուսի նախագահը հայտարարում է՝ ոչ թե մեկ, այլ երեք թեկնածու ունի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում, վերստին հիշեցնելով, որ ռոտացիոն կարգով կազմակերպության հաջորդ ղեկավարը պետք է լինի Բելառուսից: Ընդ որում, այս մասին Ալեքսանդր Լուկաշենկոն խոսել է երկրում Ադրբեջանի դեսպան Լատիֆ Գանդիլևի հետ հանդիպման ժամանակ, թեև Բաքուն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը չի անդամակցում:

«Ըստ այբբենական կարգի, հաջորդը ցուցակով Բելառուսն է, այդ իսկ պատճառով, մենք պետք է պատրաստ լինենք առաջադրել մեր թեկնածուին», — ասել է Լուկաշենկոն՝ ընդգծելով, որ ինքը երեք տարբերակ ունի:

Անդրադառնալով անցած շաբաթ այս հարցի շուրջ Աստանայում տեղի ունեցած քննարկումներին՝ Լուկաշենկոն պնդել է, թե լրատվամիջոցների որոշ հրապարակումներ ու ենթադրություններ իրեն զարմացրել են:

Ռուսական մամուլը, մասնավորապես՝ «Կոմերսանտ»-ը, գրել էր, թե ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում անդամ երկրների առաջնորդները միայն գլխավոր քարտուղարի նշանակման հարցն են քննարկել և ժամեր շարունակված այդ բանավեճերից հետո այդպես էլ չեն կարողացել որոշում կայացնել, քանի որ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն մերժել է գլխավոր քարտուղարի պաշտոնը Բելառուսին կամ Ռուսաստանին զիջելու տարբերակները:

Բելառուսի նախագահը, մինչդեռ, այսօր հանդիպելով Ադրբեջանի դեսպանի հետ, հավաստիացրել է, թե այս հարցը ամենևին առաջնային ու գերակա չի եղել իրենց համար: «Այո, մենք քննարկել ենք, սակայն քննարկումները տևել են երևի մի 15 րոպե», — ասել է Լուկաշենկոն՝ միաժամանակ ընդունելով, որ թեկնածության հարցում հնչել են հակադիր կարծիքներ:

«Բնականաբար, տարբերակները շատ էին: Սակայն սա չի նշանակում, որ մենք ոտնահարել ենք Հայաստանի շահերը, սա չի նշանակում, որ մեկը հաղթել է, մյուսը՝ պարտվել: Հարցն այն է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է սեփական կառավարությունում պարզի հարցը, քանի որ այժմ Հայաստանը գլխավորում է Եվրասիական տնտեսական միությունը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը: Սա շատ մեծ ծանրաբեռնվածություն է մի երկրի համար, որը գտնվում է այսպիսի անցումային փուլում: Արդյո՞ք Հայաստանը կդիմանա այդ ծանրությանը», — հարց է հնչեցրել Բելառուսի նախագահը՝ ընդգծելով, որ Փաշինյանը պետք է քննարկի այս հարցը սեփական կաբինետի հետ և որոշման մասին ՀԱՊԿ դաշնակիցներին հայտնի դեկտեմբերի 6-ին՝ Սանկտ Պետերբուրգում կայանալիք գագաթնաժողովում:

Աստանայում կայացած գագաթնաժողովից հետո Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբարևը նշել էր․ — «Իհարկե, Հայաստանը ուզում է, որ իր ներկայացուցիչը շարունակի ղեկավարել ՀԱՊԿ քարտուղարությունը: Բոլոր երկրների ղեկավարները, սակայն, գագաթնաժողովի ժամանակ ասացին, որ մեկ տարի է մնացել, և այդ ժամկետում նոր գլխավոր քարտուղարը չի հասցնի նույնիսկ այցելել կազմակերպության անդամ երկրներ: Այդ պատճառով, մեզ անհրաժեշտ է նորմալ գործող գլխավոր քարտուղար՝ Բելառուսի ներկայացուցիչը»:

Կազմակերպության ու Հայաստանի համար այս զգայուն հարցի մանրամասները ներկայացնելով Բելառուսում Ադրբեջանի դեսպանին՝ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավաստիացրել է՝ Ադրբեջանի և Բելառուսի հարաբերություններում փակ թեմաներ չկան: — «Մեր պայմանավորվածությունները նախագահ Իլհամ Ալիևի հետ մեզ համար սրբություն են»,-պնդել է Բելառուսի նախագահը: — «Բառացիորեն, մեկ շաբաթից Ադրբեջանի նախագահը՝ Իլհամ Հեյդարովիչը, կգա Բելառուս: Մենք քննարկելիք թեմաներ ունենք, մի շարք հարցեր, թեև պետք է ասեմ, որ մեր հարաբերությունների հիմքը շատ ամուր է: Այս տարվա ընթացքում երկկողմ առևտրաշրջանառությունը երևի մի երեք անգամ ավելացրել ենք, այդպիսի աճ որևէ այլ երկրի հետ հազիվ թե ունենանք: Դուք պետք է իմանաք, որ մենք բարեկամներ ենք, Բելառուսը միշտ պատրաստ է Ադրբեջանին ընդառաջ գնալ»:

Հավատարմություն հայտնելով Ադրբեջանին ու երկրի նախագահին՝ նախագահ Լուկաշենկոն այդպես էլ չի հստակեցրել՝ ինչ պայմանավորվածությունների մասին է խոսքը, և հատկապես որ հարցում է Մինսկը խոստացել Իլհամ Ալիևին աջակցել:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը թափուր է նոյեմբերի 2-ից, մինչ այդ այն զբաղեցնում էր Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը, որին Երևանում սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք է առաջադրված «Մարտի 1»-ի գործով:

Ըստ կազմակերպության կանոնադրության, գլխավոր քարտուղարը նշանակվում է երեք տարով, և Հայաստանի ներկայացուցչը ըստ էության պետք է պաշտոնավարի մինչև 2020 թվականը: Մյուս կողմից, կանոնադրությունը չի հստակեցնում՝ ինչպես է այս հարցը կարգավորվում գլխավոր քարտուղարին վաղաժամ պաշտոնանկ անելու դեպքում:

Այս թեմայով