Լուկաշենկոն ՀՀ այցելելու հրավերի է սպասում, որ ներկայացնի իր մոտեցումները հայ-բելառուսական հարաբերությունների առնչությամբ. Գ. Ծառուկյան

Անկախ նրանից, թե առաջիկա ընտրություններին մեր քաղաքացիները որքան ձայն կտան «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, ես արել եմ, անում եմ և անելու եմ իմ ժողովրդի համար: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ով Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում մասնակցում էր Սպիտակի աղետալի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստի պատարագին:

«Ժողովրդի մեջ չկա այն վստահությունն ու հավատը, որ Ծառուկյանը կարող է անել, իրենք են ապրելու այս երկրում, ում ուզում են թող իրենց ձայնը տան, բայց ես ոչ ոքից էլ չեմ նեղանում»,- նշեց Գագիկ Ծառուկյանը:

Հարցին՝ ինչպես եք համագործակցելու Նիկոլ Փաշինյանի հետ՝ հաշվի առնելով, որ նա նույնպես կողմ է բիզնեսը քաղաքականությունից տարանջատելուն, ԲՀԿ նախագահն ընդգծեց, որ ինքը համագործակցել, համագործակցում և շարունակելու է համագործակցել Նիկոլ Փաշինյանի հետ: «Էդ դատարկ-դատարկ հարցերը հերիք տաք, ես գործարար չեմ, ես սեփականատեր եմ, իսկ աշխարհում նման օրենք չկա, արգելված չէ, որ սեփականատերը նաև քաղաքականությամբ զբաղվի, և ամենահաջողված և ամենակայացած քաղաքական գործիչները հենց խոշոր սեփականատերերն են, ինչպես Բեռլուսկոնին, Թրամփը, որ ամեն ինչի հասել են և ուզում են պիտանի լինել իրենց երկրին ու ժողովրդին»,- ասաց Գ.Ծառուկյանը:

Անդրադառնալով Բելառուսի հետ Հայաստանի հարաբերություններին և երկու երկրների միջև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցի շուրջ ստեղծված իրավիճակին՝ ԲՀԿ նախագահը նշեց, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սպասում է Հայաստան այցելելու հրավերի, որպեսզի իր մոտեցումները և դիրքորոշումը հայտնի հայ-բելառուսական հարաբերությունների առնչությամբ:

Գ.Ծառուկյանի խոսքով՝ պաշտոնական հրավեր պետք է ուղարկի Հայաստանի կառավարությունը:

Լուկաշենկոն ՀՀ այցելելու հրավերի է սպասում, որ ներկայացնի իր մոտեցումները հայ-բելառուսական հարաբերությունների առնչվությամբ. Գ. Ծառուկյան:

Այս թեմայով