Լյովիկը բաբոդ ա, արա, կարգի´ն խոսա. թեժ միջադեպ ԱԺ-ում

269472e4f03c5caeade6487924028f3e_SԱԺ պետաիրավական հարցերով հանձնաժողովի այսօրվա նիստում, երբ հանձնաժողովը քննարկում էր զրպարտանքի և վիրավորանքի համար պատժաչափի փոփոխման հարցը, վեճ բռնկվեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանի և ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի միջև:

Բանն այն է, որ Սահակյանն, իր ելույթում անդրադառնալով Զուրաբյանի դիտարկումներին, գործընկերոջ անունն ասաց ոչ թե Լևոն, այլ Լյովիկ:

«Ես ուզում եմ ասել, որ իմ գործընկերը` Լյովիկը, Զուրաբյան…»,-ասաց Սահակյանը, ինչին տեղից հակադարձեց Զուրաբյանը. «Լյովիկը բաբոդ ա, արա, կարգի´ն խոսա»:

Այնուհետև միջամտեց ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը, ով խնդրեց կոռեկտ արտահայտվել և վիրավորական տոնով չխոսել գործընկերների հետ:

«Ինչու՞ ես այդպես պահում քեզ, ճիշտ չես անում, ես քեզ սա ուղղակի ընկերական եմ ասում, Հովիկ ջան, պետք չէ անտակտություն անել ու չափն անցնել, ընկերական դիմում եմ, պարո´ն Սահակյան »,-ասաց Արամ Մանուկյանը, որին հակադարձեց Հովհաննես Սահակյանը:

«Ես կարծում եմ, եթե որևէ բառ ասում եք, նախ և առաջ պիտի մտածեք, քանզի պատասխանը կրկնապատիկով ստանալու եք»,-ասաց նա` հիշեցնելով, որ Լևոն Զուրաբյանն իր խոսքում նախագահի անունը տալիս ասել էր ոչ թե Սերժ, այլ Սերժիկ Սարգսյան:

Լևոն Զուրաբյանն էլ ասաց, որ ինքը որևէ վիրավորանք չի հասցրել, քանի որ բոլոր փաստաթղթերով Սերժ Սարգսյանի անունը Սերժիկ է:

«Նրան ծնողներն այդ անունով են կնքել: Սերժիկ Սարգսյան է պասպորտով, իսկ իմ անունը, տեղեկացնում եմ պաշտոնապես, որ Լևոն Զուրաբյան է: Վերջապես տեղեկացե´ք դրա մասին, իսկ ով անձնագրով այլ անուն ունի և վիրավորանք է ընդունում, դա իր խնդիրն է, հիմա ինչ, վիրավորվում եք նրա ծնողների դրած անունի՞ց»,-վրդովվեց ՀԱԿ պատգամավորը:

Դավիթ Հարությունյանն էլ նկատեց, որ սրանով ՀԱԿ պատգամավորներն ուղղակի իրենց նախորդ ոչ կոռեկտ արտահայտությունների պատասխանն են ստանում և հանգստացրեց ՀԱԿ պատգամավորներին, որ «Լյովիկն» ուղղակի փաղաքշական էր:

Այնուհետև Հովհաննես Սահակյանը կասկածի տակ դրեց Լևոն Զուրաբյանի ասածը, թե իր անունը անձնագրով իսկապես Լևոն է և պահանջեց ցույց տալ անձնագիրը, որից հետո Զուրաբյանը հանեց գրպանից իր նույնականացման քարտն ու ապացուցեց, որ իր անունը պաշտոնական փաստաթղթում գրված է ոչ թե Լյովիկ, այլ Լևոն Զուրաբյան:

 

Աղբյուրը mardik.am

 

 


Այս թեմայով