ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի այդ թվում նաև ինքնորոշման իրավունքի սկզբունքի հիման վրա. ԱՄՆ պետդեպ

478882Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի այդ թվում նաև ինքնորոշման իրավունքի հիման վրա։ Այդ մասին Վաշինգտոնում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի տեղակալ Մարկ Թոները։ «Մենք վճռականորեն աջակցում ենք Մինսկի խմբի շրջանակում տարվող գործընթացին: Մենք վճռականորեն աջակցում ենք համանախագահների ջանքերին՝ միջնորդելու Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ արդար բանաձև, որը հիմնված է միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկյան եզրափակիչ ակտի, մասնավորապես՝ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքի սկզբունքների վրա»,- ասել է Թոները՝ պատասխանելով լրագրողի հարցին։ Նա կոչ է արել կողմերին վերադառնալ այդ գործընթացին, նվազեցնել իրավիճակի լարվածությունը, դադարեցնել շարունակվող ռազմական գործողությունները, վերադառնալ Մինսկի խմբի շրջանակում տարվող բանակցային գործընթացին: «Հանգստյան օրերին տեղի ունեցած բռնությունը միայն վատթարացնում է իրավիճակը, միայն մեծացնում է լարվածությունը: Մենք կոչ ենք անում երկու կառավարություններին, երկու նախագահներին խուսափել հետագա սրումից և վերադառնալ արդեն հաստատված գործընթացին՝ խաղաղ կարգավորման հասնելու համար»,- ասել է նա: Թոների խոսքով՝ ԱՄՆ-ն մտահոգություն է հայտնել իրավիճակի սրման առնչությամբ։ «Վերջիվերջո այդ երկու երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պետք է խաղաղություն, հրադադար հաստատելու և այս շարունակվող հակամարտության տևական խաղաղ կարգավորման հասնելու քաղաքական կամք գտնեն: Մեր կողմից մենք՝ որպես Մինսկի խմբի համանախագահներից մեկը, պատրաստ ենք շարունակել ջանքեր գործադրել՝ կողմերին բանակցային գործընթացին վերադարձնելու համար»,- ասել է նա։ Թոները նշել է, որ չի կարող նշել, թե որոնք են այս վերջին սրման դրդապատճառները և կարող է պարզապես վերահաստատել ԱՄՆ-ի խորին համոզմունքը, որ երկու կողմերը պետք է նվազեցնեն լարվածությունը, դադարեցնեն բռնությունները և վերականգնեն հրադադարը: «Կարծում եմ՝ կարևոր է այն, որ առաջին հերթին, դադարեն բռնությունները: Մենք չենք ցանկանում տեսնել որևէ տեսակի սրացում: Մենք ցանկանում ենք լարվածության նվազում: Մենք ցանկանում ենք տեսնել վստահելի հրադադարի վերադարձ»,- ասել է նա:

 


Այս թեմայով