ԼՂ խնդրի կարգավորման ուղղությամբ ՌԴ ակտիվությունը ոչ այլ ինչ է, քան դաշնակցային կեցվածք

ԲորդյուժաՀավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ-պետությունների սահմանների մոտ ցանկացած ապակայունացում, հատկապես՝ զինված հակամարտություն, սպառնալիք է այդ պետությունների անվտանգությանը: 

Այս մասին Երևանում ընթացող Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի (ՀԱՊԿ ԱԽՔԿ) նիստից հետո հայտարարեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան՝ պատասխանելով Tert.am-ի հարցին, թե ՀԱՊԿ-ը որևէ քայլեր պատրաստվո՞ւմ է ձեռնարկել՝ Լեռնային Ղարաբաղում քառօրյա պատերազմից հետո առաջացած լարվածությունը մեղմացնելու ուղղությամբ, արդյոք տեղի՞ն են Հայաստանից հնչող մտահոգությունները, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը բավարար արձագանք չի տվել քառօրյա պատերազմին:

Ուստի, Բորդյուժայի հավաստմամբ, ՀԱՊԿ անդամ-պետություններին առնչվող սպառնալիքները, մասնավորապես՝ զինված հակամարտությունները, չեն կարող անուշադրության մատնվել իրենց կողմից:

Բորդյուժան մեջբերեց Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանի այսօրվա հայտարարությունը և նշեց, որ վերջինս իր խոսքում հիշատակել է հրադադարի ձեռքբերման հարցում Ռուսաստանի ղեկավարության ակտիվ դերի մասին:

«ՌԴ Նախագահի, վարչապետի, ԱԳ նախարարի ակտիվությունը՝ իրավիճակի կարգավորման ուղղությամբ, ոչ այլ ինչ է, քան ՀԱՊԿ շրջանակներում դաշնակցային կեցվածք: ՀԱՊԿ-ը քարտուղարը կամ գլխավոր քարտուղարը չէ, դա 6 պետությունների միավոր է. այդ ժամանակ ՀԱՊԿ անդամ-պետությունների բոլոր ղեկավարները, օգտագործելով իրենց քաղաքական կշիռը, փորձում էին ազդել իրավիճակի վրա, որ հակամարտությունը դադարի, զինված գործողությունները դադարեն, որ կողմերը վերադառնան բանակցային սեղանին, ինչն արվեց: Սա, իմ կարծիքով, ՀԱՊԿ գործողությունների արդյունքն է, քաղաքական ազդեցությունը՝ իրավիճակի վրա: Ուստի ՀԱՊԿ դերին պետք է նայել այս տեսանկյունից, ոչ թե ուժի գործադրման կամ բանակի օգտագործման»,- շեշտեց Բորդյուժան:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խոսքով՝ ՀԱՊԿ գլխավոր խաղաքարտը քաղաքական ազդեցությունն է՝ այս կամ այն երևույթի վրա:

Հարցին՝ այդ դեպքում ապագայում քաղաքական ի՞նչ ազդեցություն պետք է ունենա ՀԱՊԿ-ը, որ դադարեցնի լարվածությունը, զինված հակամարտությունը, Նիկոլայ Բորդյուժան կրկնեց, որ իրենք քաղաքական պոտենցիալն են կիրառում՝ զրոյացնելու նման երևույթները: Այդ հարցում իրենք գործի են դնում ստեղծված «ճգնաժամային արձագանքման» խումբը, որը մոնիթորինգ է անցկացնում։

«Բացի այդ, մենք մեծացնում ենք, ավելացնում ենք մեր անդամ-պետությունների Զինված ուժերի սպառազինությունը, որպեսզի դրանք համալրվեն ժամանակակից զինտեխնիկայով»,-ասաց նա՝ ավելացնելով, որ Հայաստանը կարող է զենք գնել ինքնարժեքով:

Դիտվել է 97 անգամ
 


Այս թեմայով