Լեւոն Տեր-Պետրոսյանը դաշինք է կազմել Սերժ Սարգսյանի հետ. Ն. Փաշինյան

nikol-pashinyan«Սիրելի ժողովուրդ, ՀՀ հպարտ քաղաքացիներ, ես կարդացի ձեր բոլորի գրած նամակները եւ դրանք այնքան շատ էին, որ չէի կարող մեկ առ մեկ պատասխանել, եւ դրանց պատասխանն այսօր ձեզ հետ միասին Խորենացի փողոցում գտնվելն է», — այս մասին Էրեբունի փողոցում հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը:

«Այսօրվա եւ բոլոր ժամանակների համար խնդրում եմ արձանագրեք մի բան՝ ծառայում եմ ՀՀ-ին, ԼՂՀ-ին եւ, որ ամենակարեւորն է՝ հայ ժողովրդին: Ինչ էլ որոշի ժողովուրդը, պարտավորվում եմ, պարտավորվում ենք ի կատար ածել, մի պայմանով, որ այն պետք է լինի հստակ, աներկբա, տեսանելի եւ կասկածի տեղիք չտվող», — շեշտեց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը.

«Ես կասեի՝ նա տարօրինակ հայտարարությամբ է հանդես եկել այսօր: Անդրադառնալով ՊՊԾ-ում տեղի ունեցածին, նա ասել է հետեւյալը՝ այսօր անիմաստ է վերլուծել այն պատճառները, որոնք առիթ են տվել սրան, դրանք կվերլուծենք հետո: Եթե նման բան ասեր քաղաքագիտության կուրսի առաջին ուսանողը, ես չէի զարմանա, բայց ՀՀ առաջին նախագահի անունից լսես նման հայտարարություն, առնվազն տարօրինակ է, պատկերացնո՞ւմ եք՝ ասեն կարիք չկա ասել ինչ հիվանդությամբ է տառապում հիվանդը, եկեք բուժենք նրան, հետո հասկանանք, թե ինչով էր հիվանդ: Նման բան ասելը նշանակում է  հետեւյալը. թողնենք հիվանդը մեռնի, դիահերձումից հետո կվերլուծենք, թե ինչը դարձավ մահվան պատճառը: Համարում եմ, որ սա ամոթալի հայտարարություն է: Եվ, մի՞թե առաջին նախագահը կարող էր չգիտակցել այս նրբությունը, ես խիստ կասկածում եմ, որ նա չէր հասկանում, թե ինչ է հայտարարում: Հետեւաբար, ինչո՞ւ է նման բան ասում, մի՞թե այն պատճառով, որ իրավիճակի խորքային վերլուծությունը կարող է ցույց տալ, որ այս իրավիճակի փաթեթային լուծումը պարտադիր կերպով կարող է ներառել մի կոմպոնենտ՝ Սերժ Սարգսյանի հեռացում իշխանությունից: Ասելով, որ հիմա պետք չէ վերլուծել, Տեր-Պետրոսյանն, ըստ էության, ասում է, որ պետք չէ անել էնպիսի մտահանգումներ, նկատել էնպիսի փաստեր, որ Սարգսյանը պետք է հեռանա իշխանությունից: Եվ ինչո՞ւ է սա ասում առաջին նախագահը, ես հիմա ցավալի արձանագրում եմ անելու, որովհետեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը դաշինք է կազմել Սերժ Սարգսյանի հետ՝ Ղարաբաղի հարցում, այսպես կոչված մի ծրագիր իրագործելու համար, որը դիվանագիտական շրջանակներում հայտնի է լավրովյան պլան անունով: Դա մի խատառակ լուծում է ՀՀ համար, եւ այդ լուծման համաձայնվելը ամոթալի է ո՛չ միայն առաջին դեմքերի, այլեւ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար», — ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց, թե իր կարծիքով որն է նման ելույթի պատճառը.

«Բացի աշխարհաքաղաքական, աշխարհահայացքային պատճառներից այստեղ կա եւս մեկ անձնական մոտիվ՝ Տեր-Պետրոսյանն ուզում է  օգնել Սերժ Սարգսյանին ազատագրված  տարածքները հանձնելու հարցում, որպեսզի ի վերջո կարողանա արձանագրել, որ 96,97 թվականներին  ինքը ճիշտ էր ասում: Բայց սա ամոթալի մոտեցում է, որովհետեւ չի կարող խոսք լինել փոխզիջումների մասին այն իրավիճակում, երբ Ալիեւն ատամները սրած ամեն օր լկտիաբար հոխորտում է  ՀՀ եւ հայ ժողովրդի հասցեին: Փոխզիջման համար փոխզիջման մթնոլորտ է հարկավոր, բայց Ալիեւի կողմից նման ագրեսիվ մթնոլորտի դեպքում խոսել փոխզիջման մասին,  նշանակում է խոսել ՀՀ եւ ԼՂՀ կապիտուլացիայի մասին, բայց մենք դա թույլ չենք տալու», — շեշտեց Նիկոլ Փաշինյանը:

Դիտվել է 396 անգամ
 


Այս թեմայով