Լեոնտևը Փաշինյանից ներողություն է խնդրել

«Ռոսնեֆտ»-ի մամուլի քարտուղար Միխայիլ Լեոնտևը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հղված նամակով ներողություն է խնդրել իր ոչ պատշաճ մեկնաբանության համար: Այս մասին տեղեկացրին վարչապետի մամուլի ծառայությունից՝ ի պատասախան «Արմենպրես»-ի հարցման:

ՀարցԱրդյոք ճիշտ է այն տեղեկությունը, որ «Ռոսնեֆտ»-ի մամուլի քարտուղար Միխայիլ Լեոնտևը նամակով ներողություն է խնդրել  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից օրեր առաջ «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոյի եթերի ժամանակ հայ ժողովրդի հասցեին հնչեցրած անհարգալից մեկնաբանության համար:

Պատասխան. Այո, Միխայիլ Լեոնտևը գրավոր նամակ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ներողություն խնդրելով իր չափազանց զգացմունքային և ոչ պատշաճ մեկնաբանության համար՝ ընդունելով, որ քաղաքական հայացքների տարակարծությունը որևէ կերպ չի կարող արդարացնել արտահայտությունների մեջ իր կտրուկ և կոպիտ լինելը: Նա նաև ընդգծել է, որ մեկնաբանության անհարկի զգացմունքայնությունը բխել է բացառապես Հայաստանի ճակատագրի վերաբերյալ նրա մտահոգություններով, որին նա համարում է Ռուսաստանի մտերիմ պատմական դաշնակից: Նա հավաստիացրել է, որ տարաբնույթ հաղորդումներում իր մեկնաբանությունները որևէ կերպ չեն առնչվում «Ռոսնեֆտ»-ի դիրքորոշման հետ և հույս է հայտնել, որ իր անշրջահայաց պահվածքը որևէ կերպ չի անդրադառնա «Ռոսնեֆտ»-ի և Հայաստանի միջև դրական համագործակցության վրա:

«Ռոսնեֆտ» նավթային ընկերության մամուլի քարտուղար Միխայիլ Լեոնտևը, որն առավել հայտնի է որպես հեռուստալրագրող, «Ռադիո Կոմսոմոլսկայա պրավդա»-ի եթերում անդրադարձել է հայաստանյան իրադարձություններին: Լեոնտեւը վիրավորական եւ ոչ պարկեշտ արտահայտություններ է արել Հայաստանի եւ հայ ժողովրդի վերաբերյալ: «Խեղդել հեղափոխությունն արյան մեջ». նման կոչեր են հնչել այդ հաղորդման ժամանակ:

Այս թեմայով