Լեհաստանի Սեյմը միաձայն ընդունել է հայ համայնքին առնչվող բանաձև. Արսեն Բաբայան

ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ րոպեներ առաջ Լեհաստանի Սեյմը 435 կողմ ձայներով` միաձայն, ընդունել է հայ համայնքին առնչվող բանաձև։

«Բանաձևում Լեհաստանի Սեյմը, նշելով Կազիմիր Մեծ թագավորի կողմից Լեհաստանում հայ համայնքին շնորհված արտոնությունների 650-ամյակը, իր երախտիքն է հայտնում հայ համայնքին՝ Լեհաստանի պատմության մեջ ունեցած մեծ դերակատարության համար։ Բանաձևն ընդունվել է Սեյմի պատգամավորների հոտնկայս ծափահարություններով։

Քվեարկությունը տեղի է ունեցել Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանի և հայ համայնքի ներկայացուցիչների ներկայությամբ»,- գրել է նա՝ հիշեցնելով, որ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակության ներկայությամբ այդպիսի բանաձև էր ընդունել նաև Լեհաստանի Սենատը։

Արսեն Բաբայանը նաև ուշադրություն է հրավիրել նրա վրա, որ քիչ է լինում, երբ Լեհաստանի Սեյմի բանաձևն ընդունվում է միաձայն։

 


Այս թեմայով