Լարվածության նոր մակարդակ հայ-ադրբեջանական սահմանին

67GlNdGJWgOlz0mq18W89gyRSSՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկի հետ:

Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից։

Զրույցի ընթացքում քննարկվել է վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակը: ՀՀ պաշտպանության նախարարը դեսպանին տեղեկացրել է ՀՀ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի և դրան հաջորդող օրերի ընթացքում ադրբեջանական կողմից հրահրվող սադրանքների և հայկական կողմի պատասխան գործողությունների մասին:

Մասնավորապես, Սեյրան Օհանյանն իր մտահոգությունն է հայտնել հակառակորդի կողմից իրավիճակը հետևողականորեն ապակայունացնելու վերաբերյալ՝ նշելով, որ նախորդ օրը ադրբեջանական կողմը ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ առաջին անգամ կիրառել է տանկային կրակ՝ 125 մմ հրանոթներից, ինչը լարվածությունը նոր մակարդակի բարձրացնելու վտանգ է պարունակում:

Ադրբեջանական կողմին բանակցային գործընթացի տրամաբանության մեջ պահելու համար, հայկական կողմի ուժային զսպման գործողություններին զուգահեռ՝ ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հասցեական արձագանքի անհրաժեշտությունը:

Դեսպան Ա. Կասպշիկն իր հերթին մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի վերաբերյալ և խոստացել համապատասխան քայլեր ձեռնարկել:

 


Այս թեմայով