Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Լակո՛տ, աչքերդ կհանեմ

Լակո՛տ, աչքերդ կհանեմ

խոսրով գալուստ«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԱԺ էթիկայի հարցերով հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը, որը որոշել էր, որ Շուշան Պետրոսյանի «աչքերդ կհանեմ, լակոտ» արտահայտությունն էթիկայի կանոնների խախտում չէ, յուրահատուկ մոտեցում ունի այս հարցին։ Նա կարծում է, որ «լակոտ» բառի համար, եթե այն վիրավորանք է, պետք է դիմել դատարան, էթիկայի հանձնաժողովն այստեղ անելիք չունի։ Իսկ «աչքերդ կհանեմ» արտահայտությունն էլ ուղղակի մեծավարի, դաստիարակչական խրատ է, որն իրեն էլ են տվել փոքր ժամանակ։ Հարությունյանն այստեղ հղում է անում ԱԺ կանոնակարգ-օրենքի 6.1 կետին, որտեղ թվարկված են էթիկայի այն կանոնները, որոնք վերաբերում են պատգամավորի ամենօրյա վարքագծին։ Նկատենք, որ այդ կետի «Է» ենթակետով սահմանվում է. «Ամենուր եւ ցանկացած գործունեությամբ զբաղվելիս դրսեւորել պատգամավորին վայել վարքագիծ»։ Ստացվում է, որ պատգամավորին վայել վարքագիծ է համարվում երիտասարդ աղջկան «լակոտ» անվանելն ու սպառնալը, թե աչքերը կհանի։ Բացի այդ, պատգամավորը, փաստորեն, կարող է հրապարակային հայհոյել մարդկանց, վիրավորական արտահայտություններ թույլ տալ, եւ եթե դիմացինը չի վիրավորվում դրանից, ապա դա շատ նորմալ, պատգամավորին վայել վարքագիծ է, իսկ եթե վիրավորվել է, թող դիմի դատարան։

– Պարոն Հարությունյան, Դուք ասում եք, թե Շուշան Պետրոսյանի այդ արտահայտությունը՝ աչքերդ կհանեմ, լակոտ, ուղղակի մեծավարի, դաստիարակչական խրատ է եղել, եւ Ձեզ էլ են փոքր ժամանակ մեծերն այդպես խրատել…

– Ձեզ չե՞ն խրատել։

– Խրատել են, բայց աչքերս, հաստատ, չեն փորձել հանել։

– Բայց ականջիդ հաստատ ասած կլինեն, որ կկտրեն։

– Ականջս գուցե քաշել են, բայց չեն կտրել։

– Այ, դա ֆիզիկական ներազդեցության ձեւ է՝ ապտակը, ականջ քաշելը։

– Այո, բայց արել են իմ ծնողները, ոչ թե պատգամավորները։

– Դե, հասկանալի է։

– Լավ, հիմա Ազգային ժողովում Ձեզանից տարիքով մեծ պատգամավորները, օրինակ՝ Գալուստ Սահակյանը կամ Մկրտիչ Մինասյանը, որ ամենատարեցներն են, եթե նույն արտահայտությունը նույն սպառնալիքով Ձեր հասցեին թույլ տան, Դուք ինչպե՞ս կընդունեք։

– Ես ներողամտորեն կժպտամ, հավատացնում եմ Ձեզ»։

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 212 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy