Իրոք, լարվածության աստիճանը հասել է իր գագաթնակետին

բանակՎերահսկողությունը հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում պատշաճ մակարդակով է կատարվում: Լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով  հարցին, թե ինչպիսի՞ն է սահմանային իրավիճակը՝ ադրբեջանական կողմից հայ դիրքապահների ուղղությամբ տանկից կրակ բացելուց հետո:

«Իրոք, լարվածության աստիճանը հասել է իր գագաթնակետին: Կրակում են ոչ միայն հրաձգային զենքերից, այլև՝ ականանետերից: Բավական մեծ քանակությամբ կրակոցներ են եղել: Արցախի Հարավ-արևելյան հատվածում կրակել են նաև տանկից, կրակոցները դիպուկ չեն եղել: Սա հակառակորդի կողմից իրավիճակի ապակայունացման մարտավարություն է»,- շեշտեց Սեյրան Օհանյանը:

Նախարարը նշեց, որ ադրբեջանական կողմի քայլը կարող է պատճառ լինել ոչ միայն արտաքին քաղաքական հարցերի, այլև՝ ներքաղաքական խնդիրների արդյունք:

«Երկու նախագահների հանդիպումը կարող է լինել պատճառ, մեր տարածաշրջանի շուրջ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, որը շատ դեպքերում հասնում է մեր սահմաններին: Մեր դիրքապահներն անձնուրաց գործողությունների շնորհիվ իրավիճակը վերահսկում են: Ուզում եմ, որ մեր ժողովուրդը վստահ լինի, որ զսպման մեխանիզմներ ձևավորել ենք»,- շեշտեց նախարարը:

Հարցին, թե ինչո՞ւ Հայաստանը չի դիմում միջազգային կառույցներին՝ ՀԱՊԿ-ին, ՄԱԿ-ի անվտանգությանը, երբ առաջին անգամ չէ, որ կիրառվում է ծանր տեխնիկա, Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Մենք գործ ունենք մի հարևանի հետ, որը պարզ մարդկային լեզուն չի հասկանում, չեն հասկանում, որ բանակցային գործընթացը հաջողությունների մեջ վստահության մթնոլորտի ձևավորման ուղղությամբ համապատասխան մեխանիզմներ պետք է մշակենք: Երկխոսության համար հրադադար է պետք, փոխադարձ պայմանավորվածություններ են պետք: Միջազգային հետաքննությունն է, որը կարող է պարզել՝ որ կողմն է մեղավոր: Եկել է ժամանակը, որ միջազգային հետաքննության անցկացման մեխանիզմների ձևավորման համար պետք է լուրջ աշխատանք տարվի, որպեսզի թիրախային գնահատականներ տրվեն»:

Սեյրան Օհանյանը հայտնեց, որ զրուցել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դեսպան Անջեյ Կասպշիկի հետ, իրավիճակի մասին տեղյակ է պահել նաև նրան: Սակայն, նախարարը նշեց, որ ադրբեջանական կողմն, ամեն դեպքում, մարդկային պարզ հարաբերությունները չի հասկանում:

«Նայեք, օլիմպիական խաղերի ժամանակ, Մելի Մեջլիսի ընտրությունների ժամանակ, մենք զսպվածություն դրսևորել ենք, ոչ մի խախտում չի եղել, բայց մեր հանրաքվեն չորս-հինգ օր է լարվածության աստիճանի բարձրացման պատճառ է դարձել: Դա է պատճառը, որ շատ հրամանատարներ չեն կարողացել դիրքերից իջնել, սահմանադրական պարտքը կատարել, որովհետև սահմանը լարված է եղել»,- շեշտեց նա:

Ինչ վերաբերում է ԱԱԾ-ի կողմից ձերբակալված հայ սպային, ով գաղտնի տեղեկություններ էր հաղորդել Թուրքիային, Օհանյանը խորհուրդ տվեց այդ հարցով դիմել ԱԱԾ-ին:
«Հիմա համապատասխան աշխատանքներ են տարվում, հիմա կոնկրետ , ավելի ստույգ, տեղեկություններ կարող է տալ ԱԱԾ-ն: Այդ սպան մեկ տարուց ավելի է Զինված ուժերում չի ծառայում, ինքն իրեն չի կարողացել դրսևորել գրագետ, և դրա համար նա իր անձնական կամքով զորացրվել է»,- նշեց պաշտպանության նախարարը:

 


Այս թեմայով