Իրաքի քրդերը պատրաստ են օգնել Սիրիայի քրդերին թուրքական ԶՈւ-ի դեմ պայքարում

Իրաքյան Քրդստանում գործող «Քրդստանի հայրենասերների միություն» կուսակցության անդամ Մալա Բահթիյարը, խոսելով թուրքական ԶՈւ-ի կողմից սիրիական Աֆրինում իրականացվող ռազմական գործողության մասին, հայտարարել է, որ իրենք պատրաստ են օգնության հասնել Սիրիայի քրդերին, այս մասին գրում է քրդական nerinaazad.info կայքը:

«Եթե հնարավոր լինի և եթե թույլ տան՝ մենք օգնություն կուղարկենք Աֆրին: Մենք մեր ուժերին կուղարկենք այնտեղ»,- ասել է քուրդ գործիչը:

Ավելին՝ նա նշել է, որ եթե Սիրիայի քրդական ուժերը դեմ չլինեն, ապա նրանք դիվանագիտական պատվիրակություն կուղարկեն Անկարա՝ բանակցելու թուրքական կողմի հետ:

Հիշեցնենք, որ հունվարի 20-ին թուրքական ԶՈւ-ն սկսել է Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ազգային զինված ջոկատների (PYD/YPG) դեմ ռազմական գործողությունը, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Օդային առաջին հարձակումներից հետո, հունվարի 21-ին թուրքական ԶՈւ-ի զինվորականներն անցել են լայնամասշտաբ հարձակման նաև ցամաքում: Հայտնի է, որ թուրքական ԶՈւ-ին աջակցում է «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը՝ ինչպես 2016թ.-ին ձեռնարկված «Եփրատի վահան» գործողության ժամանակ:

Այս թեմայով