Իրաքը սկսել է Քիրքուքից նավթ արտահանել Իրան

Իրաքը սկսել է Քիրքուք նահանգի հանքավայրերից Իրան նավթի արտահանումը: Այս մասին Al Sumaria հեռուստաալիքին հայտնել է Իրաքի նավթի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ Ջիհադը, փոխանցում է ТАСС-ը:

Նրա խոսքով՝ «Քիրքուքից Իրան նավթի փոխադրումը երկու երկրների նավթի նախարարությունների միջև կնքված համաձայնագրի բաղկացուցիչ մասն է», որն արտահանում է նախատեսում օրական 30-ից մինչև 60 հազար բարել ծավալով:

Հումքն ավտոցիստեռններով կհասցվի Քերմանշահի նավթավերամշակման գործարան, Թեհրանն իր հերթին համարժեք ծավալներով նավթ կարտահանի Պարսից ծոցի հարավային նավահանգիստներից:

«Ապագայում մենք հույս ունենք Քիրքուքի հանքավայրերից խողովակաշար անցկացնել մինչև Իրանի սահման՝ օրական 250 հազար բարել կարողությամբ»,- ասել է Ջիհադը:

Քիրքուքի նավթի հանքակուտակները համարվում են աշխարհում խոշորագույններից մեկը և գնահատվում են 13 միլիարդ բարել կամ Իրաքի նավթի պաշարների ընդհանուր ծավալի շուրջ 12 տոկոսը:

 


Այս թեմայով