Իրավիճակը կրիտիկական է. ինչ կլինի այսօր

httpnewsfeedampolicep83708-1Երևանում ՊՊԾ գունդը  իրենց վերահսկողության տակ վերցրած «Սասնա Ծռեր» խմբի տղաների շուրջ օղակը կարծես սեղմվում է: ՀՀ ոստիկանության կողմից ակտիվացել են գործողությունները ՊՊԾ գնդի տարածքում և թվում է ուժային կառույցները պատրաստվում են բիրտ ուժի միջոցով հարցերը լուծել:

Վաղ առավոտյան «Սասնա Ծռեր» խմբի անդամները հայտարարություն էին տարածել, որտեղ ասվում է.«Այսօր` 26-ի գիշերը և առավոտյան Սասնա Ծռեր խմբի ազատագրած տարածքում տեղի է ունեցել 2 պատահար: Գիշերը ժամը 2-ի սահմաններում տարածքին հարակից ոստիկանական պատնեշից դավադրաբար կրակ են բացել, որի արդյունքում ոտքերից վիրավորվել են Սասնա Ծռեր խմբի անդամներ Աշոտ Պետրոսյանը և Հովհաննես Հարությունյանը: Նրանք տեղափոխվել են հիվանդանոց»,-նշվում է հայտարարության մեջ:

Այս հայտարարությունից ժամեր անց հայտարարություն տարածեց ՀՀ ոստիկանությունը.«Ոստիկանությունը փաստում է, որ Խորենացի փողոցի արգելափակված հատվածում առկա է լարվածության կտրուկ սրման իրական և անմիջական վտանգ՝ անկանխատեսելի հետևանքներով: «Հետևաբար, հավաքի մասնակիցների կյանքին և առողջությանը, ինչպես նաև հասարակական անվտանգությանը սպառնացող վտանգը հնարավոր չէ կանխել այլ կերպ, քան հավաքը մեկ այլ վայր տեղափոխելու միջոցով: Ուստի ՀՀ ոստիկանությունը պահանջում է հավաքի փաստացի ղեկավարներից՝ սեղմ ժամկետում հավաքը տեղափոխել մեկ այլ վայր, որտեղ խաղաղ հավաքներին աջակցելու ՀՀ ոստիկանության պարտականությունների սահմաններում հնարավոր կլինի ապահովել հավաքի մասնակիցների անվտանգությունը: Հակառակ դեպքում ՀՀ ոստիկանությունը չի ունենալու այլ միջոց, քան օրենքով սահմանված կարգով դադարեցնել այդ հավաքը», – ասված է հայտարարությունում»,նշվում է հայտարարության մեջ:

Այս հայտարարությունները հուշում են, որ Խորենացի փողոցում իրավիճակը կրիտիկական է և ամեն պահ կարող է այն «պայթել» և հանրությանն ու պետությանը կանգնեցնել նոր ու ավելի բարդ իրավիճակի առաջ: Ի վերջո Խորենացի փողոցում հանրահավաք հրավիրողները ևս հայտարարել են, որ միտք չունեն հավաքի վայրը փոխել, քանի որ իրենց ներկայությամբ ապահովում են տղաների անվտանգությունը:

Հ.Գ. Բոլոր կողմերը հանդես են գալիս անզիջում դիրքերից և այսօր կարող են վտանգավոր զարգացումներ լինել: Մնում է հուսալ, որ վերջին պահին կողմերը կկարողանան սթափ մոտենալ խնդրին և հետ կանգնել անդառնալի քայլից:

Լուսանկարը «Ազատություն» ռադիոկայանի

 


Այս թեմայով