Իրանն այսօրվանից հնարավորություն է ստացել իր նավթը մատակարարել համաշխարհային շուկա

shamsara20130121153830180Իրանն այսօրվանից հնարավորություն է ստացել իր նավթը մատակարարել համաշխարհային շուկա, այդ թվում` եվրոպական: Դա կարող է արդեն իսկ մոտ ապագայում հանգեցնել հումքի արժեքի նվազման մինչև մեկ բարելի համար 25 դոլարի, փոխանցում է Интерфакс-ը: Brent նավթի մարտյան ֆյուչերսների արժեքը լոնդոնյան ICE Futures բորսայում նվազել է 2003-ից ի վեր մինչև նվազագույն` 27.67 դոլարի, վկայում են Bloomberg գործակալության տվյալները: Իրանի վերադարձը համաշխարհային շուկա խորացնում է պահանջարկի և առաջարկի ապակայունացումը և, այդպիսով, կդառնա նոր մշտական գործոն հումքի արժեքի նվազման համար։ Իրանը նախկին գնորդներին վերադարձնելու համար կառաջարկի զեղչեր և իր նավթի դիմաց վճարման հետաձգում, նշում են շուկայի մասնակիցները: Թեհրանը, ի դեպ, կարող է անհապաղ, արդեն առաջիկա օրերին ավելացնել պայմանագրերն ասիական երկրների հետ, այդ թվում` Չինաստանի։ Իսկ թե որքան արագ նա կարող է դուրս գալ եվրոպական շուկա՝ դեռ հայտնի չէ: Պատժամիջոցների չեղարկումից հետո Իրանն իրավունք ունի վերականգնել իր նավթի մատակարարումը, իրականացնել արտաքին առևտրային գործողություններ, կստանա տասնյակ միլիարդավոր դոլարների հասանելիություն, որոնք սառեցվել էին արտասահմանյան բանկերի հաշիվներում: Վաշինգտոնն այլևս չի պատժի այլ երկրներին իրանական նավթի ներմուծման համար: Եվրոպական բոլոր պատժամիջոցները, որոնք արգելափակել էին իրանական նավթի մատակարարումները, հանվել են: ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է իրանական 400 իրավաբանական և ֆիզիկական անձանցից բաղկացած ցուցակ, որոնց նկատմամբ պատժամիջոցները չեղարկվել են։ Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը ստորագրվել էր Վիեննայում 2015 թվականի հուլիսի 14-ին։ Փաստաթուղթը ստորագրել են Իրանը և «վեցյակը»՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Չինաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան։ Համաձայնագրի համաձայն՝ Իրանը պարտավորվում է չստեղծել միջուկային զենք և միջուկային օբյեկտներն օգտագործել բացառապես խաղաղ ատոմի արտադրման նպատակներով, դրա դիմաց Արևմուտքը պետք է չեղարկեր սահմանած պատժամիջոցները, ինչն արվեց օրերս։

Դիտվել է 29 անգամ
 


Այս թեմայով