Իրանից բենզին ներկրող գործարարին զգուշացրել են

default«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Հովիկ Աբրահամյանը օրերս հանդես եկավ հայտարարությամբ՝ մասնավորապես նշելով. «Ուզում եմ բարձր ամբիոնից հայտարարել, որ որեւէ ընկերության համար չկա սահմանափակում, եւ ով ցանկություն ունի զբաղվել հեղուկ վառելիքի ներկրմամբ, կարող է: Կարող են ներկրել եւ զբաղվել այդ բիզնեսով: Եվս մեկ անգամ ուզում եմ հայտարարել՝ չկա մենաշնորհ»։

«Ֆլեշ», «Սի փի էս Օիլ Քորփորեյշն», «Միկա Քորփորեյշն», «Մաքսհուր» եւ «Ռան-Օյլ». Հայաստանի բենզինի եւ դիզվառելիքի շույակում գերիշխող դիրք ունեցող առաջատար ընկերությունների հնգյակն է։

Իրանցի գործարար Արշիա Մոնջեզիին բենզինի հնգաշերտ պատը ճեղքելու եզակի փորձ անողներից է։ Դեռ ամիսներ առաջ նպատակ ուներ Իրանից Հայաստան էժան բենզին ներկրել, բայց … զգուշացրել են՝ գործ չունես։ 390 դրամ Հայաստանում ռեգուլյար մակնիշի բենզինի լիտրի գինն է, Վրաստանում նույնը մոտավորապես 250 դրամ է: Իրանցի գործարարը հայ սպառողներին հենց այդքան մատչելի գնով բենզին էր խոստանում։

2015-ին 297.9 հազար տոննա նավթ ու նավթամթերք է ներկրվել Հայաստան` 213.4 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ: Նավթամթերքի մեծ մասը ռուսաստանյան «Ռոսնեֆտին» է բաժին ընկնում, կազմելով Հայաստանի ողջ շուկայի 73%-ը կամ 217.6 հազար տոննան՝ 149.6 միլիոն դոլար ընդհանուր արժեքով։ Իրանցի գործարարը շեշտում է, որ Հայաստան բենզին բերելու խոչընդոտներից մեկն էլ Ռուսաստանն է։

Չնայած վարչապետ Հովիկ Աբրահամյանը վստահեցնում է, որ Հայաստանում վառելիքի շուկայում մենաշնորհ չկա, դռներն էլ բաց են, իրանցի գործարարն այդ դռնով երկրորդ անգամ անցնել այլեւս չի պատրաստվում։ Ասում է՝ մինչեւ կոկորդը կուշտ է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 1,078 անգամ
 


Այս թեմայով