Իրանական գազի հմայքը. ի՞նչ են թաքցնում իշխանությունները

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է իրանական գազի թեմային: Ըստ նրա` Իրանը Հայաստանին Ռուսաստանից ավելի էժան գազ չի առաջարկում, դրա համար հայկական կողմն իրանական գազ չի գնում: «Եթե ցածր գնի առաջարկ լինի, մենք անպայման կգնենք: Այդ հարցի շուրջ քննարկումները մշտապես ընթացել են եւ ընթանում են»,- ասել է նախարար Մանուկյանը: Հիշեցնենք` հոկտեմբերին Թեհրանում էր Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը, ըստ Իրանի նավթի փոխնախարար Ամիրհոսեյն Զամանինիայի` քննարկվել է նաեւ իրանական գազ գնելու հարցը, ու ՀՀ վարչապետը հայտարարել է, որ Երեւանը շահագրգիռ է Իրանից գազ գնելու հարցում: Նկատենք, որ Հայաստանի իշխանությունները երբեւէ չեն մանրամասնել, թե իրանական կողմն ի՞նչ գնով է առաջարկում գազը: Այդ դեպքում միգուցե եւ պարզվի, որ իրականությունը բոլորովին այլ է: Իսկ իրականությունն այն է, որ գազը ՀՀ սպառողին հասցնելու համար «Գազպրոմն» ինքն է «փայ մտնում»` դառնալով գնի բարձրացման պատճառ, կամ սահմանին գազի գնի տարբերությունն այնքան է, որ գուցե այս դեպքում «Գազպրոմի» համար բավարար գերշահույթներ չեն ստացվի: Հիշեցնենք, որ դեռ 2013թ. Հայաստանը ՌԴ-ի հետ ստորագրեց հայտնի գազային համաձայնագրերը` պարտավորվելով մինչեւ 2049թ. չանել որեւէ քայլ, որը կհակասի «Գազպրոմ» ընկերության շահերին»:

Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

 


Այս թեմայով