Իրական Արմեն Սարգսյանը․ Մեծ Բրիտանիայոմ ՀՀ դեսպանը՝ տարածաշրջանի գաղտնի ծառայությունների զեկույցներում

«Առաջին լրատվական»-ն օրեր առաջ անդրադարձել էր Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի նորանշանակ դեսպան Արմեն Սարգսյանի դիվանագիտական կարիերային ու գործարար հնարավորություններին, և որ այդ ճանապարհին նա մեծապես օգտվել է անգլիահայ մեծահարուստ Վաչե Մանուկյանի հնարավորություններից ու կապերից: Մեջբերել էինք նաև տարածաշրջանի մի շարք երկրների գաղտնի ծառայությունների պատրաստած ամփոփագիր-զեկույցներից հատվածներ, որտեղ ամփոփված էին նրա քաղաքական ու բիզնես գործունեությանը, այդ ոլորտներում ունեցած նրա կապերին վերաբերող ուշագրավտեղեկություններ:

arm138132419068Այս անգամ մենք կանդրադառնանք նույն զեկույցի երկրորդ հատվածին, որտեղ ամփոփված են հիմնականում Ա. Սարգսյանի բիզնես հետաքրքրությունները: Իսկ այս բաժնի տեղեկագրությունը սկսվում է հետևյալ նախադասությամբ. «Թեև Ա. Սարգսյանի պաշտոնական կենսագրությունում նշված է միայն, որ նա գիտնական է, քաղաքական ու հասարակական գործիչ, բայց նա մեծ հետաքրքրություններ ունի տարբեր ոլորտներում»:

Նշենք, որ զեկույցի ընթերցումից հասկանալի է դառնում, որ այն գրվել է ոչ շատ վաղ, քան 3-4 տարի առաջ, ու որ Ա. Սարգսյանի մասին նման զեկույցներ պարբերաբար են պատրաստվել: Եվ այսպես` նշվում է, որ Հայաստանում Ա. Սարգսյանի բիզնես հետաքրքրությունների հիմնական ոլորտներն են CPC-ը, «Արմավիան» և «Արմսվիսբանկը»: Նշվում է, որ CPC-ը «Ֆլեշի» և «Միկայի» հետ միասին այն 3 օլիգոպոլիկ ընկերություններից մեկն է, որը նավթամթերք է ներմուծում Հայաստան: Իսկ մյուս երկուսի սեփականատերեր Բարսեղ Բեգլարյանն ու Միխայիլ Բաղդասարովը Սերժ Սարգսյանի դասընկերներն են: Ու թեև հայտնի է, որ այդ 3 ընկերությունները նավթամթերք են ներկրում Ռումինիայից, Բուլղարիայից և Ռուսաստանից, բայց որոշ փաստաթղթեր ցույց են տալիս, որ օգտագործվում են նաև Ա. Սարգսյանի կապերը Ղազախստանից բենզին ու դիզվառելիք ներկրելու համար: Եվ այս 3 ընկերություններն են Հայաստանում թելադրում նավթամթերքի գինը:

«Արմավիայի» դեպքում նշվում է, որ այն հիմնվել է «Հայկական ավիաուղիներ» ընկերության փոխարեն, որը շատ եկամտաբեր է եղել: Սակայն այս ընկերությունը սնանկացվել է 2004թ., և դրա տեխնիկական բազայի վրա էլ ստեղծվել է «Արմավիան», որը իր գոյության շրջանում ՀՀ ավիաշուկայում մոնոպոլիստ է եղել:

«Արմսվիսբանկի» մասին նշվում է, որ ՀՀ բանկային համակարգում թաքնված է եղել և ունեցել է շատ սահմանափակ քանակությամբ հաճախորդներ, ու այնտեղ հիմնականում փողեր են լվացվել: Պաշտոնապես դրա հիմնադիրը Վարդան Սիրմարկեսն է, Ղարաբաղում ժամացույցներ արտադրող «Ֆրանկ Մյուլեր» ընկերության ներկայացուցիչը, բայց բանկի հետ առնչություն է ունեցել նաև Ա. Սարգսյանը:

Նշվում է, որ բազմաթիվ զեկույցներ կան Թուրքմենստան Ա. Սարգսյանի այցերի և այդ երկրի նախագահ Բերդիմուհամեդովի հետ հանդիպումների, այդ երկրի նավթի, գազի, Կասպյան նավահանգստի վերակառուցման, հեռահաղորդակցության ոլորտներում ունեցած նրա հետաքրքրությունների մասին:

«Ա. Սարգսյանը շատ մոտ հարաբերություններ ունի նաև Ղազախստանի նախագահի «ամենակարող» դստեր` Դարիգա Նազարբաևայի հետ, ով կարճ ժամանակ որպես ղեկավար աշխատել է նրա կազմակերպություններից մեկում: Ա. Սարգսյանն է տվել Ղազախստանում «TV-մեդիա հոլդինգ» ստեղծելու գաղափարը, որն ունի մենաշնորհային կարգավիճակ և հեռարձակման ժամեր է վաճառում ղազախական բոլոր հեռուստաալիքներին: Այդ հոլդինգն իր մենաշնորհային կարգավիճակի շնորհիվ Ղազախստանում եթերի րոպեավճարը բարձրացրել է մինչև 10.000 դոլարի, որը մոտ 10 անգամ բարձր է տարածաշրջանում առկա գներից: Իսկ Ա. Սարգսյանն այդ հոլդինգում ունի 5 տոկոս բաժնեմաս»,- նշված է զեկույցում:

Ղազախստանի վիճակագրական ծառայության համաձայն` այդ երկիրը 2007թ. 1,2 մլրդ խմ գազ է վաճառել Հայաստանին` ընդհանուր 157 մլն դոլար արժողությամբ, մինչդեռ ՀՀ վիճակագրությունը դա ցույց չի տալիս: Դա նշանակում է, որ այդ գործարքի դեպքում հարկեր ու տուրքեր չեն վճարվել: Ավելացնենք, որ նման քանակությունն այդ ժամանակ քիչ էր պակաս ՀՀ տարեկան պահանջարկից: Հայաստանը յուրաքանչյուր տարի ներկրում է մոտ 50.000 տոննա դիզվառելիք և նավթամթերք, մինչդեռ պաշտոնապես դրա քանակությունը նշվում է 12-15 հազար տոննա: Եվ սա լավ կազմակերպված մաքսանենգություն է, որի մեջ Ա. Սարգսյանի CPC ընկերությունը առաջատար դիրքերում է, նշվում է զեկույցում:

Զեկույցի ավարտին նշվում է, որ ՀՀ-ում մեծամասնությունը կարծում են, որ Ա. Սարգսյանը ունի խորաթափանց և խոհեմ գործչի համարում, մինչդեռ նրա շուրջ առկա քաղաքական ինտրիգները ջարդում են նրա քաղաքական բարի համբավը: Եվ որ ՀՀ քաղաքական դաշտում նա համարվում է ազդեցիկ, բայց ոչ բարձր բարոյականության տեր գործիչ: Նրա բիզնես ոճը խիստ գաղտնիությունն է և մենաշնորհներից եկամուտներ կուտակելը:

Այնպես որ, Անգլիայում ՀՀ նորանշանակ դեսպան Արմեն Սարգսյանը, ով էլիտար քաղաքական գործչի և գիտնականի համարում ունի, իր գործունեությամբ Հայաստանի քրեաօլիգարխիկ համակարգի մյուս ներկայացուցիչներից ու մոնոպոլիստներից գրեթե չի տարբերվում: Եվ այդ մասին գիտեն նաև Հայաստանի քաղաքական դաշտի նկատմամբ հետաքրքրություն ունեցող երկրները:

Դիտվել է 382 անգամ
 


Այս թեմայով