Իրադրությունը սահմանին լարված է եղել. ունենք 1 զոհ

զինվոր է մահացելՄայիսի 16-ի լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տաբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ու հետևակի մարտական մեքենայից (30 արկ), 60 միլիմետրանոց ականանետերից (16 արկ) և հաստոցավոր ավտոմատ նռնականետերից (32 արկ) խախտել է կրակի դադարեցման պայմանավորվածությունը: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել շփման գոտու հարավարևելյան (Հադրութ) և արևելյան (Մարտունու) ուղղություններով: Հատկանշական է, որ ադրբեջանական զինուժը առաջնագծում իրադրության ապակայունացման և սադրիչ գործողությունների էր դիմում Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանագահների ջանքերով կազմակերպված Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետությունների նախագահների հանդիպման ընթացքում, ինչի արդյունքում հարավային ուղղությամբ տեղակայված ՊԲ դիրքերից մեկում մայիսի 17-ին` ժամը 00:50-ի սահմաններում, հրազենային մահացու վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 1996թ. ծնված Խաչատուր Վարդանի Հարությունյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ առաջնագծում ստեղծված լարվածության հետևանքների ողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Դիտվել է 940 անգամ
 


Այս թեմայով