Իսրայելում ԱՄՆ դեսպանատան տեղափոխումը Երուսաղեմ տեղի չի ունենա 2018-ին. Դոնալդ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բրիտանական Reuters գործակալությանը տված հարցազրույցի ընթացքում հերքել է Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի հայտարարությունը, որի համաձայն Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը կարող է Երուսաղեմ տեղափոխվել մինչև այս տարվա վերջ։

Նշենք, որ վերջերս Նեթանյահուն լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ ԱՄՆ դեսպանատան՝ Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխումը «տեղի կունենա ավելի շուտ, քան կարծում եք՝ մեկ տարվա ընթացքում»:

«Մինչև այս տարվա վե՞րջ: Մենք քննարկում ենք տարբեր սցենարներ… Ոչ, նման բան առանձնապես չենք նախատեսում», — ասել է Թրամփը:

ԱՄՆ նախագահի խոսքով՝ Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատունը լինելու է հիասքանչ, սակայն 1,2 մլրդ դոլար չի արժենա:

Իր այս խոսքով Թրամփն ակնարկել է Լոնդոնում ԱՄՆ դեսպանատան նոր շենքի մասին, որի կառուցման նախագիծը հաստատվել է Ջորջ Բուշ կրտսերի և կառուցվել Բարաք Օբամայի օրոք: Հայտնի է, որ տեսնելով դեսպանատան լուսանկարը և իմանալով, որ այն արժեցել է ավելի քան 1 մլրդ դոլար՝ Թրամփը հրաժարվել էր մեկնել դրա բացման արարողությանը:

 


Այս թեմայով