Իսկ մենք համաձայն ե՞նք, որ դուք մեր հաշվին լավություն անեք․ Հարոյանը՝ Փաշինյանին

«Ազգային Առաջընթաց» կուսակցության ղեկավար Լուսինե Հարոյանը Politik.am-ի հետ զրույցում մանրամասնել է իր ֆեյսբուքյան գրառումն ու հարցը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին.«Պարոն Փաշինյան, իսկ Դուք հարցրել ե՞ք մեզ՝ «հպարտ» քաղաքացիներիս, մենք համաձայն ե՞նք, որ դուք մեր հաշվին լավություն անեք»։

«Հարկային օրենսգրքի փոփոխության, համահարթեցված հարկեր, երբ ՀՀ քաղաքացիները, անկախ նրանից, թե ինչ չափի աշխատավարձ են ստանում, բոլորը պետք է վճարեն 23%: Սրա արդյունքում կարկ վճարելը փոքր ու միջին աշխատավարձ ստացողների համար էլ ավելի կդժվարանա: Թանկացումներ են սպասվում. դրա մասին չի խոսվում, բայց բոլորին հասկանալի է: Դրանց ֆոնին և՛ ցածր, և՛ բարձր աշխատավարձ ստացողների հարկերը թողնել 23%, նշանակում է նորից այդ բեռը գցել այն մարդկանց վրա, որոնք, առանց այդ էլ, սոցիալական բավականին ծանար պայմաններում են ապրում, և, այսպես ասած, «յոլա» են գնում»,-ասում է Լուսինե Հարոյանը:

Անդրադառնալով ՀԴՄ-ների՝ 160 հազար դրամի փոխարեն 60 հազար դրամով ձեռք բերելու որոշմանը՝ ասաց.«Ինչպե՞ս է հնարավոր 160 հազար դրամանոց սարքերը միանգամից իջեցնել 60 հազարի ինչ-ու մեկի բարի կամքով: Այստեղ մենք նույնպես ինչ-որ ռիսկեր ենք տեսնում իրավական առումով նույնպես: Նմանատիպ հարցերը՝ պետական կառույցների հետ կապված, մեր կարծիքով, չպետք է լուծվեն ինչ-որ մեկի բարի կամքով և որոշմամբ: Անընդունելի ենք համարում, որ մեկ անձ՝ լինի դա Փաշինյանը, թե ուրիշը, խոսի ՊԵԿ նախագահի հետ, և որոշի, որ 160 հազարը պետք է դառնա 60 հազար: Փաստացի՝ 100 հազար դրամը ինչ-որ տեղից կսուբսիդավորվի: Եթե դա լինի պետբյուջեից, ուրեմն հարկատուների հաշվին է լինելու. բյուջեն հարկատուների հաշվին է գոյանում: Ստացվում է՝ դա էլի, անուղղակիորեն, մեր հաշվին կլինի: Դա նույնպես հիշեցնում է նախորդ իշխանությունների գործելաոճը: Առայժմ, համակարգային փոփոխություններ մենք չենք տեսնում, որի համար, իհարկե, մտահոգվում ենք»:

Լուսինե Հարոյանը տեղեկացրեց նաև, որ իրենց միացել են ևս 8 բավականին հայտնի կուսակցություններ: Վաղը նրանք կստորագրեն հուշագիր նոր սահմանադրական հարթակ ստեղծելու մասին: Հուշագիրը լինելու է բաց. կկարողանան միանալ նաև անհատներ ու այլ կուսակցություններ: Նախագծի՝ ավարտին հասցնելուն պես այն կներկայացվի խորհրդարանի քննարկմանը: Կախված խորհրդարանի արձագանքից՝ կորոշվեն հետագա անելիքները:

Այս թեմայով