Իսլամական պետության կորցրած տարածքները Սիրիայում և Իրաքում

13615107_1129133163815137_4272890509906128199_nՀետաքրքիրն այն է, որ հիմնական տարածքային կորուստներն իսլամականներն ունեցել են Սիրիայի քրդերի դեմ պայքարում: Մինչդեռ, եթե Իրաքն ենք դիտում, ապա այստեղի քրդերը հիմնականում զբաղված են եղել ռազմաճակատը պահելով: Թերևս բացառությամբ կարելի է նշել Իրաքի Սինջարի հատվածը, որտեղ քրդերը հաջողություններ արձանագրեցին, սակայն այստեղ ևս թուրքական PKK-ն (Քուրդիստանի Աշխատավորական Կուսակցություն) ևսիրիական YPG-ն (Քրդական Ժողովրդական Ինքնապաշտպանության Ուժեր) իրենց ներդրումն են ունեցել Իրաքի այս հատվածում Իսլամական պետության զինյալների դեմ ռազմական հաջողությունների մեջ:

Ժամանակին իրաքյան քրդերը (Քուրդիստանի Ռեգիոնալ Կառավարությունը Մասուդ Բարզանիի գլխավորությամբ) նույնիսկ իրենց օգնությունն էին առաջարկում PYD-ին (Սիրիայի Քուրդիստանի դեմոկրատական միություն կուսակցությունը-ամենաազդեցիկ կառույցը Սիրիայի քրդերի շրջանում) պաշարման մեջ հայտնված սիրիական քրդաբնակ Քոբանին, հետագայում նաև Աֆրինն իսլամականների գրոհներից պաշտպանելու համար, սակայն Սիրիայի քրդերը մերժեցին այն:

Վերջին զարգացումները ցույց են տալիս, որ Սիրիայի քրդերի գործողություններում որոշակի ինքնուրույնություն է նկատվում (տարածաշրջանի քրդական իրականությունը հաշվի առնելով նաև), որն էլ պատճառներից մեկն է եղել նման տարածքային ձեռքբերումների:

Մյուս կողմից էլ նկատելի են նաև որոշակի ուղղորդումներ Սիրիայի քրդերի վարքագծում, որոնք ստիպում են վերջիններիս բախվել բավական ուժեղ մրցակիցների հետ հենց Սիրիայում (Իսլամական պետություն, Սիրիական ներկայիս իշխանություններ և այլն):

Սիրիայում կշահեն այն ուժերը, որոնք հակամարտության ավարտին կունենան բավարար ռեսուրսներ և ներուժ ունեցածը պահելու և սեփական կարծիքը հետճգնաժամային Սիրիայում հրամցնելու համար: Արդյո՞ք Սիրիայի քրդերը կունենան դրանք, ժամանակը ցույց կտա:

Գրում է արաբագետ Սարգիս Գրիգորյանը

 


Այս թեմայով