Իշխան Զաքարյանին «վտարում են» ՀՀ-ից, Արմեն Գեւորգյանը վերադառնում է

76909«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Իշխանական շրջանակներից ստացած տեղեկությունների համաձայն, ամենավերին օղակներում քննարկվում է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին Քուվեյթում Հայաստանի դեսպան նշանակելու հարցը:

«Հայկական ժամանակը» գրել էր, որ սահմանադրական փոփոխություններից հետո Վերահսկիչ պալատը դառնալու է Հաշվեքննիչ պալատ՝ բոլորովին այլ ֆունկցիաներով:

Նույն շրջանակներում քննարկվում է Իշխան Զաքարյանի փոխարեն այդ պաշտոնում ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանին նշանակելու հարցը, թեեւ դեռ ժամեր առաջ իշխանական շրջանակներում խոսվում էր Վաչե Գաբրիելյանին ֆինանսների նախարար նշանակելու մասին:

Այս պահին ունեցած մեր տեղեկությունների համաձայն, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը մնալու է զբաղեցրած պաշտոնում: Պարզապես, ինչպես արդեն հայտնի է, Հարկային ու մաքսային մարմինները Սերժ Սարգսյանի քիչ առաջ ստորագրած հրամանագրի համաձայն, այլեւս առանձնանում են եւ դրա ղեկավար է նշանակվում Սերժ Սարգսյանի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը:

Ամենամեծ անակնկալը, սակայն, սա չէ:

Իշխանական շրջանակներից ստացած տեղեկությունների համաձայն, Հայաստան է վերադառնում ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը. քննարկվում է Վաչե Գաբրիելյանին ՀՊ տեղափոխելուց հետո միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարի պաշտոնում Արմեն Գեւորգյանին նշանակելու հարցը:

Հիշեցնենք, Արմեն Գեւորգյանը 2014-ի հոկտեմբերին անսպասելիորեն հրաժարական տվեց եւ աշխատանքի անցավ Ռուբեն Վարդանյանի ընկերությունում, որտեղից էլ կարճ ժամանակ անց դուրս եկավ ու մեկնեց ԱՄՆ՝ սովորելու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 162 անգամ
 


Այս թեմայով