Իշխան Զաքարյանը կարող է միանալ Վիկտոր Դալլաքյանի կուսակցությանը. «ՀԺ»

Untitled-1-37«Հայկական ժամանակ» օրաթերթի տեղեկություններով, Ազգային ժողովում Սերժ Սարգսյանի այլեւս նախկին ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանին ու նրա ստեղծած կուսակցությանը հաջորդ տարի կմիանա նաեւ Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանը:

«Սահմանադրական փոփոխությունների արդյունքում Վերահսկիչ պալատը հաջորդ տարի դառնալու է Հաշվեքննիչ պալատ, ու արդեն իշխանական կուլիսներում խոսակցություններ կան, թե Իշխան Զաքարյանը չի ղեկավարելու այս նոր կառույցը:

Եվ վերջինս իր համար քաղաքական նոր հենարան է փնտրելու, որն այս անգամ կլինեն Վիկտոր Դալլաքյանն ու նրա կուսակցությունը: Հայտնի է նաեւ, որ Դալլաքյանն ու Զաքարյանը բավականին վաղուց ընկերներ են:

Վիկտոր Դալլաքյանը երեկ հրավիրած ասուլիսի ժամանակ թեեւ չհաստատեց, բայց նաեւ չհերքեց, որ իրեն կմիանա պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը եւս:

Բացի այդ, այս երեքին միավորում է նաեւ Սերժ Սարգսյանից նեղացած լինելու հանգամանքը: Ի դեպ, Իշխան Զաքարյանն ու Սեյրան Օհանյանը նաեւ «Երկրապահ» կամավորականների միության անդամներ են:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 209 անգամ
 


Այս թեմայով