Իշխանությունները պատրաստվում են հո՞ղ հանձնել. Սեֆիլյանի ձերբակալության պատճառը

 himnadir61Այսօր հայտնի դարձավ, որ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու կասկածանքով 2016թ. հունիսի 20-ին Ժիրայր Սեֆիլյանը ձերբակալվել է: Այս մասին հայտարարել է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Պետք է նկատել, որ վերջին շրջանում Ժիրայր Սեֆիլյանը կամավորների ջոկատ էր հավաքագրում, որպեսզի ազատագրի ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին Ադրբեջանի բանակի վերահսկողության տակ անցած 800 հեկտար տարածքը: Ժիրայր Սեֆիլյանը հայտարարում էր, որ անհապաղ պետք է վերականգնել Արցախի տարածքային ամբողջականությունը: Շատերը նրա այս ձերբակալությունը կապում են հենց իր այդ հայտարարությունների հետ:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը ևս այդ կարծիքին է.«Ժիրայր Սեֆիլյանը իր կեցվածքով խանգարելու էր իշխանությունների ձեռնարկած քայլերին, ուստի նրան փորձել են չեզոքացնել»,-Politik.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Մարտիրոսյանը:

Մեր այն դիտարկմանը, արդյոք այս ձերբակալությունը կարող է կապված լինել նրա հետ, որ իշխանությունները փորձելու են տարածքային զիջումներ իրականացնել, որին դեմ էր Ժիրայր Սեֆիլյանը` Արմեն Մարտիրոսյանն ասաց.«Ես կարծում եմ որ կարող է նման բան լինել: Ժիրայր Սեֆիլյանը հստակ իր վերաբերմունքն արտահայտել է կորցրած 800 հեկտարի կապակցությամբ և պատրաստակամություն էր հայտնել վերադարձնել այդ տարածքը»,-ասաց պարոն Մարտիրոսյանը:

Արմեն Մարտիրոսյանի խոսքով այս պահին չի կարող ասել, սակայն չի զարմանա, եթե Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությունը կապված լինի առաջիկա նախագահների եռակողմ հանդիպման ժամանակ քննարկվող հարցերի հետ:

 


Այս թեմայով