Իշխանությունները պատրաստվում են լայնածավալ կեղծիքների

11694816_892484227491423_188166716901969663_nԸնտրական նոր օրենսգրքի նախագիծը բազմաթիվ դժգոհությունների առիթ է տվել, սակայն ամենաանհասկանալին և անընդունելին շարունակում է մնալ ընտրական տեղամասերում լրագրողների թվի սահմանափակաման հանգամանքը: Ընտրական օրենսգրքի նախագծի համաձայն ընտրական տեղամասում ութ լրագրողից ավել լրագրողի ներկայությունը արգելվում է: Այս խնդրի շուրջ Politik.am-ը զրուցեց լրագրողների հետ և փորձեց հասկանալ, թե ինչ են լրագրողները մտածում այս սահմանափակումների վերաբերյալ:

«Չորրորդ  իշխանություն» օրաթերթի լրագրող Արման Գալոյանի համար անընդունելի է նման մոտեցումը և լրագրողը կարծում է, որ այն հատուկ է արված՝ իշխանությունների կեղծիքները թաքցնելու համար.«Բնականաբար դեմ եմ  ԸՕ նախագծի այդ դրույթի հետ, եւ վստահ եմ, որ իշխանություններն այսպես ցանկանում են ընտրությունների օրը այնպիսի պայմաններ ստեղծել, որ լրագրողներն ու դիտորդները չկարողանան լիարժեք վերահսկողություն իրականացնել: Ի վերջո, 2015թ. սահմանադրական հանրաքվեի օրը աննախադեպ մեծ թվով ընտրախախտումներ էին արձանագրվել, եւ դա շնորհիվ լրագրողների ու դիտորդների, որոնք տեսանկարահանել էին ամեն ինչը: Եւ ահա, նման մեթոդներով իշխանությունները պայքարում են ընտրակեղծարարության իրենց իրավունքի համար: Միաժամանակ ավելացնեմ, որ ԸՕ ամենավտանգավոր դրույթը միայն դա չէ, այլ՝ այդ նախագիծը լի է տարատեսակ այլ վտանգներով»,-կարծում է Արման Գալոյանը:

Լրագրող  Փայլակ Ֆարհադյանը կարծում է, որ նախագծում ներառված այդ պահանջը լրագրողների մասնագիտական գործունեության խաչընդոտելու փորձ է.«Սա ակնհայտ լրագրողների մասնագիտական գործունեության խոչնդոտում է: Իշխանությունները փորձում են չեզոքացնել անցանկալի լրագրողներին: Այդ խայտառակ դրույթը պետք է հանել ԸՕ-ից, հակառակ դեպքում այն հղի է վատ հետեւանքներով: Ստացվում է մենք լրագրողներս պետք է նստենք սպասենք մինչեւ հատուկ հրավեր լինի, որ ընտրատեղամաս մտնենք»,-ասաց Փայլակ Ֆարհադյանը:

«Այդ սահմանափակման նպատակն իմ կարծիքով մեկն է՝ սահմանափակել ԶԼՄ ներկայացուցիչների գործունեությունն ընտրատեղամասերում, որն էլ հնավորություն կտա չբացահայտել կեղծիքներն ու խախտումները կամ դրանք հասցնել մինիմումի: Իմ կարծիքով այդ ամենն անում են սահմանադրական փոփոխություններից հետո, երբ հանրաքվեի ընթացքում լրագրողների եւ դիտորդների շնորհիվ հնարավոր եղավ արձանագրել բազմաթիվ ընտրախախտումների դեպքեր: Այդպես փորձում են ամեն ինչ դարձնել վերահսկելի, որպեսզի կարողանան իրենց ապահովագրել հնարավոր ռիսկերից»,-կարծում է AraratNews.am լրատվականի  լրագրող Շողիկ Գալստյանը՝ ավելացնելով, որ այս ամենը հաշվի առնելով չի կարող դրական վերաբերվել.«Իրենք տեսնում են, որ բացարձակ վստահություն չունեն ոչ քաղհասարակության, ոչ հանրության , ոչ ընդդիմության շրջանում: Նման անհեթեթ սահմանափակում դնելու փոխարեն կարող են այլ մեխանիզմներ մշակել իրենց նշած խնդիրը, թե իբր կուտակումներ են առաջանում ընտրատեղամասերում, լուծելու համար. կարծում եմ իրենք ընտրել են իրենց համար շահավետ տարբերակը»,-ասաց մեր զրուցակիցը:

Politik.am լրատվականի լրագրող Բորիս Մուրազին ևս համակարծիք է իր գործընկերների հետ և կարծում է, որ այս խնդրին մեծ ուշադրություն պետք է դարձնել.«Լրագրողները, կարծում եմ,  այս խնդրի շուրջ պետք է համախմբվեն: Իմ համոզմամբ հանրությունը ևս պետք է շահագռգիռ լինի, քանի որ լրագրողների աշխատանքի շնորհիվ է, որ նրանք ստանում և պետք է ստանան տեղեկատվություն օբյեկտիվ իրականության մասին: Կարծում եմ իշխանությունը այս կերպ փորձելու է իրեն անցանկալի լրագրողների աչքից հեռու խոշոր կեղծումներ իրականացնել»,-ասաց Բորիս Մուրազին:

 


Այս թեմայով