Իշխանության համար Սերժին մերժելը գերնպատակ չէր և չէ

Արցախի հանրապետության առաջին և Հայաստանի հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ ձեռնարկված հաշվեհարդարը բացարձակ քաղաքական ծրագիր է: Քաղաքական հաշվեհարդարի հիմքում թավշյա իշխանափոխության բուն նպատակն է և պարագլուխ նշանակվածի քաղաքական գոյության խնդիրը:

Այսօր իշխանափոխության պարագլուխը դարձել է վերընտիր վարչապետ, բայց նույնաբար շարունակում է առաջնորդվել անցյալից կուտակած բարդույթներով: Իսկ սրանք ծնում են ամենագիտության ու ամենակարողության պատրանք, սակայն նաև՝ բոլորին թշնամի-յուրայինների բաժանելու մտասևեռում և անձնավորված քինախնդրություն:

Երկրի ու ժողովրդի համար պետության ղեկավարի խիստ վտանգահարույց բարդութավորվածությունն էլ ավելի սպառնալից է դառնում, երբ նրան համակում է ունեցածը կորցնելու վախը: Իսկ վերընտիր վարչապետն այսօր բախված է սեփական բացարձակ ավտորիտարիզմը պահպանելու հիմնահարցին: Եվ նա դա անում է սահմանադրությունն ու օրենքները ոտնահարելու, դատական իշխանությունն իր ուղղակի ու բացարձակ հարկադրանքին ենթարկելու ձևով: Նաև՝ ժողովրդի հույսը, կորովը, հավատը, բարոյականությունը ոչնչացնելու, ազգի արժեքային համակարգն ու հիշողությունը ջնջելու միջոցով:

Այսպիսի համալիր կործանարարության եթե ո՛չ նպատակը, ապա առնվազն, հետևանքը կարող է լինել վեցդարյա պետականազրկումից հետո վերանկախացած Հայաստանը և հայրենասեր հայորդիների արյամբ ու մարտական սխրանքով ազատագրված Արցախը ինքնությունից զուրկ միջնադարյան անցյալ վերադարձնելը: Իսկ թավշյա վարչապետն իրատեսորեն գիտակցում է, նաև վաղուց մեթոդաբար նրա գիտակցության մեջ մեխել են համոզումը, որ հայոց պետականությունն ու հայ ազգը ոչնչացնելու այս ծրագրի միակ ներքին քաղաքական հակառակորդը, արգելողը հիմա արդեն կարող է լինել բացառապես Ռոբերտ Քոչարյանը:

Մինչդեռ «հեղափոխականները» ժողովրդին հմտորեն ու նենգադավությամբ մատուցել են, թե թավշյա իշխանափոխության տրամաբանությունը Սերժի՛ն մերժելն է: Տասնամսյա իրողությունները, սակայն, գործնականորեն բացահատում են, որ վերընտիր վարչապետն իր նախորդի ոչ մի բանը չի մերժել ու կրկնօրինակել է ամեն ինչը: Նաև՝ առժամանակ փոխարինել է նրան և ժամկետային հաճույքների դիմաց՝ նրա փոխարեն կատարում է «առաջադրված ու անհրաժեշտ» ողջ սև աշխատանքը:

Անցած ապրիլից ի վեր մնայուն տպավորություն է, որ թավշյա հեղաշրջումն իրագործվել է առաջին իսկ պատեհ առիթն օգտագործելով, բայց պատեհությունն առաջացել է պլանավորումից տասը տարի անց: Վերջին տասն ամիսների անցքերն իրողության են վերածել տպավորությունը, որ թավշյա իշխանափոխությունը գրեթե տասնմեկամյա վաղեմության փետրվարյան խռովության ուղղակի շարունակությունն է: Եթե խռովության կազմակերպիչներն այն ավարտեցին մարտիմեկյան սադրիչ ոճրագործությամբ, ապա թավշյա իշխանափոխության ավարտը պլանավորված է ավարտել Արցախը հանձնելով ու հայոց պետականության կորստով:

Այսինքն՝ «մերժիր Սերժին» ձայնարկումը նույնքան չի համապատասխանում իշխանափոխության բուն նպատակին, որքան որ տարբեր են զարդերի ծանրությունն ու դրանցով պճնված կնոջ բարոյական թեթևությունը: Արդեն իսկ պարզ է, որ վերջին տասը տարիները եղել են ՀՀՇ-ի նորօրյա կերպափոխություններին քայլ առ քայլ իշխանության մեջ ներառելու ժամանակաշրջան: Եվ այն ավարտվեց իշխանությունը թավշյա հնարքով լրիվ նրանց հանձնելու տասը ամիս տևած միջոցառմամբ:

Ուստի, բոլորովին էլ չեն սխալվում նրանք, և նրանց շարքում՝ նաև թունդ թավշականները, երբ ակամա խոստովանում են, որ նախորդների ու ներկաների միջև տարբերությունը միայն տեղերի փոփոխությունն է: Ուրեմն՝ ներկաների պայքարը ոչ թե իրենց իշխանություն նվիրաբերած նախորդի, այլ ՀՀՇ-ի և նրա ամեն տեսակի ու բոլոր ժամանակների կերպափոխությունների սկուզբանքային այլընտրանքի՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ է: Այսինքն՝ կատարվածը հեղաշրջում է ոչ թե ԼՏՊ-ի հիմնադրած ու Սերժի ուռճացրած կոռուպցիոն ռեժիմի դեմ, այլ՝ հանուն Ռոբերտ Քոչարյանի ամրապնդած ազգային պետականությունները կործանելու:

Նախկինների ձեռնարկած այս քաղաքական հաշվեհարդարն ի սկզբանե է դատապարտված, քանի որ ապօրինի է ու պատվիրված: Հիմա արդեն սկսվում է հաշվեհարդարն իրագործողների հոգեվարքը, քանի որ բոլոր դատավորներին ու քննիչներին հնարավոր չէ կամք թելադրել և դա անել անվերջ: Գարնանն իր զարթոնքը կավետի նաև ապարդյուն սպասումից հոգնած և իշխանական ստից զզված ժողովուրդը: Ձմռան հետ կթոթափվի նաև թավիշը:

Արթուր Մխիթարյան

Այս թեմայով