«Իշխանությանը ձեռնատու է, որ ՀՀ քաղաքացին 10 000 դրամին կակա ասի» . Նիկոլ Փաշինյան

 ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը խոսեց «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» նախագծի վերջնական քննարկման ժամանակ, հայտարարելով,  թե համոզված է, որ 2018 թվականը լինելու է թանկացումների տարի, ինչն ընդունում է նաև կառավարությունը:

«2018թ. սպասվում են օղու, ծխախոտի, հավի մսի, ձկան, շաքարավազի, ատամի մածուկի և այլ ապրանքների թանկացումներ: Կառավարությունն այս իրավիճակի նկատմամբ խորը արհամարհանք է ցուցաբերում»,-նշեց նա՝ հիշեցնելով, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն ասում էր՝ չխոսենք ճգնաժամի մասին, որ ճգնաժամը չգա:

«Հիմա կառավարությունը չի խոսում թանկացումների մասին, որպեսզի թանկացումները չգան: Սա պլատոնական արհամարհանք չէ, այլ շատ կոնկրետ, քանի որ 2018թ.-ի բյուջեի նախագծով կենսաթոշակները չեն ավելանում, ընտանեկան նպաստները չեն ավելանում, բյուջետային հիմնակարների աշխատավարձները չեն ավելանում»,-նշեց Փաշինյանը և հավելեց, թե սա անընդունելի մոտեցում է,  առաջարկելով «ծուռ նստել, ուղիղ խոսել».

«Եթե նայում ենք այս կառավարության, իշխանության ծագումնաբանությունը, սա շատ տրամաբանական մոտեցում է: ՀՀԿ-ն 700 քանի հազար ձայն է ստացել վերջին ընտրություններին ու դրա 90%-ը ստացել է ընտրակաշառքով՝ 10 000 դրամը տվել են ձայնը ստացել են:  Հիմա որևէ մեկը կարո՞ղ է բացատրել ինձ, որ ինչու այս իշխանությունները պիտի շահագրգռված լինեն, որ բնակչությունն ավելի լավ ապրի, աղքատությունը վերանա, որը պաշտոնական տվյալներով 35 % է: Որովհետև եթե մարդը լավ ապրի, 10 000 դրամն իր համար մեծ գումար չի լինելու, որպեսզի վերցնի ու նրա թեկնածուների օգտին քվեարկի: Մի քիչ էլ վատացել է ու սենց մնալու է: Քանի, որ աղքատության այս ցուցանիշը այս կենսամակարդակը   միակ պայմանն է, որ այս կուսակցությունը շարունակի իշխել, որովհետև հենց մի քիչ լավ ապրեցին մարդիկ 10 000 դրամը իրենց ինչին է պետք: Այս իշխանությանը հարկավոր է, որ ՀՀ քաղաքացին 10 000 դրամին կակա ասի»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Խմբակցության ղեկավարն ասաց, որ չի հասկանում՝ ՀՀԿ խմբակցության պատգամավորներին մեր քաղաքացիները չե՞ն հանդիպում.«Մեզ բռնում են, ասում՝ ինչո՞ւ թոշակները չեք բարձրացնում, էս երկիրը ինչի՞ երկիր չեք սարքում: ՀՀ հարգելի՛ քաղաքացիներ, չենք անում մի պարզ պատճառով, որովհետև դուք 10 000 դրամը վերցրել եք ու քվեարկել եք հանուն աղքատության։ Կներեք՝ գուցե քաղաքական գործչի համար ճիշտ չի նման բան ասելը, բայց սա ձեր ընտրության արդյունքն է, վայելե՛ք, դուք լավ չեք ապրելու, որովհետև որ պահին դուք լավ ապրեցիք այս իշխանությունը դադարելու է գոյություն ունենալ:

  Էս երկրում որևէ բան չի փոխվի, քանի դեռ դուք վերցնում եք այդ գումարներն ու քվեարկում ընտրակաշառքով: Դուք շարունակելու եք մնալ այն իրականության մեջ, ինչպիսին կա այսօր», -հայտարարեց Փաշինյանը և վերջում նշեց, որ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու բյուջեի նախագծին:

 

 


Այս թեմայով