«Իշխանափոխություն խոստանալու եմ միայն մեկ անգամ». Փաշինյան

նիկոլՖեյսբուքյան օգտատեր Լիլիթ Ստեփանյանը հարցերի շարք է հղել Նիկոլ Փաշինյանին: Ստորեւ հաջորդաբար ներկայացնում ենք Ստեփանյանի հարցերը եւ Փաշինյանի պատասխանները:

«Հարգելի Նիկոլ Փաշինյան.  hայտարարվել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ձգտում է ամբողջական իշխանափոխության, որպեսզի փոխարինեք Հանրապետական կուսակցությանը՝ օրենսդիր եւ գործադիր իշխանություններում: Ես ունեմ հետեւյալ հարցերը եւ խնդրում եմ, որ պատասխանեք.

Հարց 1 — Արդյոք հնարավո՞ր է դա անել մեկ ընտրությունների միջոցով  (2017թվականին):

Նիկոլ Փաշինյան — Հարգելի Լիլիթ, շնորհակալություն հարցերի համար: Փորձեմ հերթով պատասխանել դրանց: Արդյոք հնարավո՞ր է իշխանափոխություն անել 2017 թվականի ընտրություններում: Եթե 2017-ի գարնան դրությամբ ինստիտուցիոնալ ընդդիմության մեր ծրագիրը իրագործված կլինի 100 տոկոսով, այսինքն՝ եթե մենք ունենանք 6 հազար վստահված անձ հանրապետության բոլոր 1988 ընտրական տեղամասերի հաշվով,  ստվերային կառավարություն եւ երկիրը ճգնաժամից հանելու ամբողջական ծրագիր, մենք ընտրությունների կգնանք իշխանափոխության հստակ կարգախոսով: Եթե այս կառույցը լիարժեք կառուցված չի լինի, ուրեմն մենք պետք է ընտրությունները դիտարկենք որպես միջանկյալ քայլ՝ ինստիտուցիոնալ ընդդիմության կառուցման ճանապարհին: Հիմնական սկզբունքը հետեւյալն է. մենք չպետք է խոստանանք իշխանափոխություն այնքան ժամանակ, քանի դեռ դրա համար անհրաժեշտ ինստիտուցիոնալ նախապայմաններ չենք ստեղծել: Իսկ քանի դեռ չենք ստեղծել, պետք է ամենօրյա ռեժիմով աշխատենք այդ ուղղությամբ: Իսկ ամեն օր աշխատել նման համակարգի ստեղծման համար, նշանակում է ամեն օր աշխատել հանուն իշխանափոխության:

Հարց  2 — Եթե 2017թվականին հաղթահարեք 5 տոկոս շեմը, բայց չունենաք այնքան մանդատներ, որ կարողանաք փոխարինել ՀՀԿ-ին, արդյոք կգնա՞ք խորհրդարան եւ ինչո՞ւ: Չէ՞ որ դա իշխանափոխություն չի կոչվի:

Ն.Փ. — Չեմ պատկերացնում այնպիսի սցենար, որ մենք ստանանք ժողովրդի ձայնը, այդ ձայնը կամ դրա մի մասը կարողանանք ֆիքսել եւ չգնանք խորհրդարան: Որովհետեւ, ո՞րն է տրամաբանությունը. դու ընտրություններին մասնակցում ես ընտրվելու համար, հետո ընտրվում ես ու չես գնում խորհրդարան: Սա էլ ընտրողին խաբելու մեկ այլ ձեւ է: Եթե դու անցել ես խորհրդարան մեծամասնականով, նշանակում է քեզ ձայն են տվել 10 հազար եւ ավելի մարդ: Եթե դու անցել ես խորհրդարան՝ համամասնականով, նշանակում է քեզ ձայն են տվել 100 հազար կամ ավելի մարդ: Խորհրդարան չգնալով, դու այդքան մարդկանց ձայնը դուրս ես թողնում քաղաքական պրոցեսից, դու նրանցից խլում ես պրոցեսների վրա ազդելու հնարավորությունը: Երրորդ հանրապետության պատմության մեջ խորհրդարանի աշխատանքները բոյկոտած բոլոր ուժերը, ըստ էության, դուրս են մղվել իրական քաղաքական պրոցեսից, որովհետեւ այդ որոշումը անհասկանալի է եղել նրանց ձայն տված քաղաքացիների համար եւ չի ընդունվել նրանց կողմից:

Հարց  3 — Խորհրդարանում, ըստ էության գործելով առանց թիմի, միայնակ, ի՞նչ արդյունքներ եք արձանագրել, եւ ի՞նչ կկարողանա անել ձեր 5-10 տոկոս հաղթահարած փոքրաթիվ թիմը:

Ն.Փ. — Խորհրդարանում իմ աշխատելու ամենակարեւոր արդյունքը համարում եմ այն, որ Հայաստանի հարյուր հազարավոր մարդկանց ձայնը լսելի է: Հարյուրավոր մարդիկ իմ գործունեությանն արձագանքելով՝ ընդգծում են. դու Ազգային ժողովի ամբիոնից ասում ես այն, ինչ մենք կասեինք: Նման ընկալումը, իմ համոզմամբ, մարդկանց հույս է տալիս, որ եթե իր մտածածը հնչում է խորհրդարանի ամբիոնից, ուրեմն իր մտածած փոփոխությունները կարող են դառնալ իրականություն: Սա նույնիսկ հույս չէի համարի, այլ հույսի փոքր նշույլ, եւ մեր խնդիրն է այդ հույսի նշույլը դարձնել հույս, հույսը՝ վստահություն, վստահությունը՝ գործողություն, գործողությունը՝ փոփոխություն, իշխանափոխություն:

Ամբողջական նյութը Armtimes.com կայքում

 


Այս թեմայով