Ինջիղուլյանին ձմեռային քաղաքացիական հագուստ են տվել

timthumbԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչներն օրերս հերթական հանդիպումն են ունեցել ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հարազատների հետ՝ նորություններ փոխանցելով նրանից։ Հանդիպման մանրամասները պարզելու նպատակով Ռազմինֆոն զրուցեց Հակոբ Ինջիղուլյանի եղբոր՝ Հարություն Ինջիղուլյանի հետ։

Հարություն Ինջիղուլյանը մանրամասնեց. «Երեք-չորս օր առաջ մեզ ընդունեցին Կարմիր խաչի երևանյան գրասենյակում, ասացին, որ 4-6 շաբաթ հետո կրկին այցելելու են Հակոբին։ Այցելության ժամանակ կփոխանցեն մեր նամակը, Հակոբից էլ մեզ նամակ կբերեն։ Կարմիր խաչի աշխատակիցները շեշտեցին, որ Հակոբին ձմեռային քաղաքացիական հագուստ են տվել, նա այլևս ռազմական համազգեստով չէ»։

Հիշեցնենք, որ hոկտեմբերի 28-ին ՀՀ Ազգային Ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել էր, որ միջնորդավորված կերպով քայլեր են ձեռնարկվում ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանին Հայաստան վերադարձնելու համար։ ՊՆ մամուլի քարտուղարը մեկնաբանում է իրավիճակը։

Հավելենք, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը ժամը 3:00-ի սահմաններում ծառայությունն իրականացնելու ժամանակ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991 թվականին ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը, հատելով հայ-ադրբեջանական շփման գիծը, հայտնվել էր հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում։

Մինչ օրս ադրբեջանական կողմը լուրեր է տարածում, որ նա իբր չի ցանկանում վերադառնալ Հայաստան և նախընտրում է տեղափոխվել երրորդ երկիր։

Հայտնում է razminfo-ն:

 


Այս թեմայով