Ինչ տարածքների մասին է խոսել նախարարը

Ես խոսել եմ համանախագահ երկրների ղեկավարների՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հայտարարությունների մեջ պարունակող հայտնի երեք սկզբունքների և վեց տարրերի մասին։

Ինչպես հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ի պատասխան amerikayidzayn.com-ի հարցի, թե կարո՞ղ է ավելի հանգամանալից ներկայացնել՝ ինչ է նկատի ունեցել Հայաստան-Սփյուռք համաժողովին որոշ տարածքների վերադարձի վերաբերյալ հայտարարությամբ, ինչը տարաբնույթ մեկնաբանություններ է առաջացրել։

Նա, մասնավորապես, նշել է. «Որոշ մեջբերումներ և մեկնաբանություններ կտրված էին կոնտեքստից։ Ես խոսել եմ համանախագահ երկրների ղեկավարների՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հայտարարությունների մեջ պարունակող հայտնի երեք սկզբունքների և վեց տարրերի մասին, որոնք, ըստ հենց եռանախագահների, մշակվել ու ներկայացվել են կողմերին՝ որպես մեկ ամբողջություն, և փորձերը՝ տարանջատել մեկ սկզբունքը մյուսներից կամ մեկ դրույթը մյուսներից, անհնարին կդարձնեն կարգավորումը։ Դա է հենց արվում Ադրբեջանի կողմից տարիներ շարունակ։

Ինչպես երկու օր առաջ ՄԱԿ-ի ամբիոնից ելույթ ունենալով ընդգծեց Հանրապետության Նախագահը՝ կարևորն Արցախի կարգավիճակի հարցն է։ Եթե կարգավիճակի հարցը լուծում ստանա, ապա մնացած հարցերը կլուծվեն արդար և տրամաբանական ձևով, որովհետև մնացած բոլոր հարցերն ածանցյալ են։

Կցանկանայի կրկնել նաև այն, ինչի մասին մենք ասել ենք բազմիցս. այդ բոլոր հարցերի լուծումը հնարավոր է միայն Լեռնային Ղարաբաղի մասնակցությամբ»։

Հարցին, թե Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպում նախատեսվա՞ծ է, և եթե այո, ապա՝ ե՞րբ, և կոնկրետ ի՞նչ հարցեր են քննարկվելու, ՀՀ ԱԳ նախարարը պատասխանել է. «Այո, այդպիսի հանդիպում ծրագրված է սեպտեմբերի 23-ին։ Օրակարգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման կազմակերպման հարցն է, նաև՝ համանախագահների տարածաշրջան նախատեսվող այցելության ժամանակացույցը։ Սրանք են այն երկու հարցերը, որոնց մասին խոսելու ենք Մամեդյարովի հետ»։

Հիշեցնենք, որ Երևանում օրերս տեղի ունեցած Հայաստան-Սփյուռք համաժողովին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն անդրադարձել էր Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, մասնավորապես, ԼՂ հարակից տարածքների վերադարձի հարցին։ «Խոսքը այն տարածքների վերադարձի մասին է, որոնց վերադարձի դեպքում այս ամբողջ հիմնախնդրի կարգավորմանը և անվտանգության համակարգին վնաս չի հասցվելու և սպառնալիքի տակ չի դնելու հանգուցալուծումը»,- հայտարարել էր ՀՀ արտգործնախարարը:

 


Այս թեմայով