Ինչ կապ ունի Գագիկ Ծառուկյանը ՀԷՑ-ի գնման հետ

gagik-tsarukyan_4 (1)Այսօր «Հայկական Ժամանակ» օրաթերթը գրել էր, որ հայտնի է, թե ով է դառնալու ՀԷՑ-ի նոր սեփականատերը: Դեռ ամիսներ առաջ պարզ դարձավ, որ ՀԷՑ-ը գնելու է «Տաշիր գրուպի» հիմնադիր, մոսկվայաբնակ գործարար Սամվել Կարապետյանը:
Երեկ մեզ հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանը միայնակ չի գնելու ՀԷՑ-ը, չնայած լինելու է հիմնական փայամասի սեփականատերը:
Թերթը հղում տալով իր աղբյուրներին գրել էր, որ տարբեր փայամասերով ՀԷՑ-ի բաժնետերեր են դառնալու նաև «Հայռուսգազարդի» նախկին տնօրեն Կարեն Կարապետյանը, Գագիկ Ծառուկյանն ու ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Փամբուկյանը:
Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանից Politik.am-ը փորձեց ճշտել, թե ինչ կապ ունի ՀԷՑ-ի գնման հետ գործարարը: Տոնոյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ հրապարակված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը և Գագիկ Ծառուկյանի չի ցանկացել ու չի ցանկանում գնել ՀԷՑ-ը.«Մամուլում այսօր տեղ գտած հերթական «տեղեկատվության» համաձայն Գագիկ Ծառուկյանը դառնալու է ՀԷՑ-ի նոր բաժնետերերից: Նշվում է նաև, որ ՀՀ կառավարությունը մտադիր է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը վաճառել Լիորմանդ Հոլդինգ Լիմիթեդ ընկերությանը:
Հրապարակման հետ կապված պաշտոնապես հայտարարում եմ, որ Գագիկ Ծառուկյանը որևէ առնչություն չունի Լիորմանդ Հոլդինգ Լիմիթեդ ընկերության հետ ընդհանրապես և ՀԷՑ-ի գնման գործարքի հետ մասնավորապես: Գագիկ Ծառուկյանը երբէև ՀԷՑ-ը մասնակիորեն կամ ամբողջությամբ գնելու ցանկություն չի ունեցել և չունի:
Գագիկ Ծառուկյանի անձի և գործունեության հետ կապված հետևողական և միտումնավոր ապատեղեկատվության հեղինակներին ու պատվիրատուներին խորհուրդ եմ տալիս տուրք չտալ անբարեխիղճ լրագրության դրսևորումներին, քանի որ դրանց հերքման համար ընդամենը րոպեներ են պահանջվելու»,-ասաց Իվետա Տոնոյանը:

Դիտվել է 1,970 անգամ
 


Այս թեմայով