Ինչ կապ ունի Աղվան Հովսեփյանը «Հոկտեմբերի 27»-ի գործի հետ

Aghvan-HovsepyanՈւսումնասիրելով հոկտեմբերի 27-ի կապակցությամբ քրեական գործ հարուցելու եւ նախաքննություն սկսելու վերաբերյալ փաստաթղթերը, գալիս ես այն եզրակացության, որ ՀՀ գլխավոր դատախազությունում ի սկզբանե նպատակ են հետապնդել հոկտեմբերի 27-ի գործը փակուղի մտցնել: Հիմնավորեմ ասածս: Հոկտեմբերի 27-ի նախաքննության սկզբում ամենագլխավոր դերակատարումը ունեցել է այն ժամանակվա ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:
.
Հոկտեմբերի 27-ի քրգործի նյութերին անծանոթ մարդու համար Աղվան Հովսեփյանի անվան հիշատակումը զարմանալի պիտի թվա: Այն, որ Աղվան Հովսեփյանի հասցեին բազմաթիվ անգամներ մեղադրանքներ են հնչել, վերջինիս կողմից՝ չեղած տեղից քր.գործեր «սարքելու» կամ եղած գործերը տակով անելու համար, թերեւս հայտնի է բոլորին: Դեռեւս Ժողովրդի հիշողությունից չի ջնջվել, երբ 98-ին ՀՀ գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանի սպանությունից առաջ (ըստ ընդունարանի մատյանի գրանցման) , վերջինը Աղվան Հովսեփյանն էր մուտք գործել գլխավոր դատախազի աշխատասենյակ: Չնայած նրա դուրս գալու մասին ոչինչ նշված չի գրանցման մատյանում, սակայն Ա.Հովսեփյանը պնդում է, որ ինքը դուրս է եկել այնտեղից մինչեւ գլխավոր դատախազի սպանությունը : Առավել ուշագրավ է այն, որ նա չի հրաժարվում այն փաստից, որ կրակոցները լսելուց հետո առաջինը ինքն է մտել այնտեղ ու տեսել սպանված ու «ինքնասպանված» դատախազներին : Կրկնենք, սա ըստ իր՝ Աղվան Հովսեփյանի հայտարարության : Իսկ սա իրավաբանորեն նշանակում է որ դեպքի վայրում առաջինը նա է եղել : Այսինքն՝ գլխավոր վկան է : Սակայն, ի զարմանս բոլորի, գլխավոր վկայի փոխարեն Աղվան Հովսեփյանը, Ռոբերտ Քոչարյանի հրամանով (կամքով) սկզբում նշանակվեց հենց այդ դեպքի՝ գլխավոր դատախազի սպանության գործով նախաքննության ղեկավարը, իսկ հետո՝ ՀՀ գլխավոր դատախազ:
.
Ինչպես արդեն ասացի, մարդիկ Աղվան Հովսեփյանի շատ մեքենայություններից են տեղյակ (վզի հատվածում 9մմ տրամաչափի տարբեր ուղղություններով արձակված երկու գնդակով սպանված Արծրուն Մարգարյանի, մինչ օրս չբացահայտված՝ Վ.Խորխոռունու սպանության գործերը եւ այլն), բայց որ վերջինս իր հատուկ դերակատարումն է ունեցել նաեւ հոկտեմբերի 27-ի գործում, արդեն շատերի համար զարմանալի էր: Ներկայացնեմ դրանցից մեկը:
.
Իմ ձեռքն են ընկել մի քանի անհերքելի փաստաթուղթ, որոնց համառոտ բովանդակությունը ներկայացնելով ընթերցողին, կարծում եմ, միասին կհամոզվենք ասածիս մեջ:
.
1999թ. հոկտեմբերի 28-ին ՀՀ գլխավոր դատախազությունում գրանցվել է թիվ 18-18ՕԿԳ-99 գրություն, որով գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը ՀՀ զինդատախազին հանձնարարում է վարույթ ընդունել թիվ՝ 62207199 քրեական (հոկտեմբերի 27-ի) գործը եւ սկսել նախաքննություն: Այս հանձնարարականի հետ առդիր ներկայացվել են 111 գործ թերթ կազմող քրեական գործի նյութերը: Այսինքն՝ այդ 111 գործ թերթերը արդեն կատարված նախաքննության արդյունքն են, դրանք են՝ քրեական գործ հարուցելու, նախաքննության մարմին ստեղծելու, հոգեբուժական-հոգեֆիզիոլոգիական հետազոտություններ անցկացնելու եւ այլ որոշումներ, դեպքի ընթացքում եւ դեպքից հետո ԱԺ-ում կատարված տեղազննություններ, տեղեկանքներ, ԱԺ դահլիճի հատակագիծ: Այդ 111 գործ թերթերի մեջ են մտնում նաեւ ՀՀ ՆԳՆ ՔՀԳՎ (քրեական հետախուզության գլխավոր վարչություն) պետի 27.10.99 կայացրած որոշումը, ԱԺ դահլիճում գաղտնալսումներ անցկացնելու մասին, եւ այդ «կատարված» գաղտնալսումների, ընդհանուր առմամբ 44 էջից բաղկացած, անպիտան ու անիմաստ վերծանությունները:
.
Ինչպես նկատեցինք, հոկտեմբերի 27-ի նախաքննությունը Աղվան Հովսեփյանը զինդատախազին է մակագրել հոկտեմբերի 28-ին: Նույն օրը առավոտյան ԱԺ տարածքում կատարվել էր տեղազննություն, որտեղ հայտնաբերվել էր նաեւ Նաիրի Հունանյանի կարմիր թղթապանակը: Ըստ առողջ տրամաբանության, այդ թղթապանակը իր պարունակությամբ նույնպես պիտի գտնվեր զինդատախազության վարույթին հանձնված քր. գործի նյութերում: Բայց սա, ինչպես ասացինք, առողջ տրամաբանության դեպքում, իսկ Աղվան Հովսեփյանը առաջնորդվել է մեկ այլ տրամաբանությամբ: Փաստն այն է, որ սույն թղթապանակը, մեկ ամբողջ օրից ավելի գլխավոր դատախազությունում պահելուց հետո, հոկտեմբերի 29-ին Աղվան Հովսեփյանը ԱԱ նախարարին՝ «Հարգելի Սերժ Ազատի»գրառումով մի գրություն է կազմում եւ այն ուղարկում ԱԱՆ, որպեսզի թղթապանակում եղած գրառումների համապատասխան օպերատիվ-որոնողական աշխատանքներ կատարվեն: Բնականաբար հարց է առաջանում, թղթապանակը հայտնաբերվել է հոկտեմբերի 28-ի առավոտյան, ինչո՞ւ այն մյուս նյութերի հետ չի հանձնվել նախաքննությունն իրականացնող մարմնին, իսկ եթե պետք է այն ուղարկվեր ԱԱՆ, այդ դեպքում ինչո՞ւ էր այն մեկ օր պահվում գլխավոր դատախազությունում, որը գործի հետ արդեն չէր առնչվում: Իսկ ահա գլխավոր դատախազի այս անգամ պաշտոնական բլանկով գրանցված թիվ 18-18Օ48-99 գրությունից պարզվում է, որ Աղվան Հովսեփյանի վերաբերյալ թղթապանակը ԱԱ նախարարին ուղարկելուց հետո եւ վերջինիս տրամադրության տակ մեկ օր թողնելուց հետո՝ հոկտեմբերի 30-ին է միայն անհրաժեշտ գտնում այդ մասին տեղյակ պահել իրական հասցեատիրոջը՝ նախաքննությունը իրականացնող մարմնին:
.
Հիշենք նաեւ հասարակության մեջ շրջանառվող այն խոսակցությունները, որ կորել է Նաիրի Հունանյանի կարմիր թղթապանակը: Իսկ այն «գտնվելուց» հետո այդ օրերին կեսկատակ-կեսլուրջ լուրեր էին պտտվում՝ «ով որ լավ վճարի, իր անունը կարող է հայտնվել Նաիրի Հունանյանի սեւ ցուցակի մեջ, իբր իրեն էլ պիտի սպանեին»:
.
Ի դեպ, տեղին է անդրադառնալ նաեւ մեկ կարեւոր հանգամանքի՝ հոկտեմբերի 27-ի գործով նախաքննության մարմին հիշատակելիս շատերը անմիջապես կարծում են, թե խոսքը քննչական խմբի մասին է, իսկ ավելի ստույգ՝ ՀՀ զինդատախազության քննիչների, ինչն այդպես չէ:
Հ.Գ. Վերեւում մենք արդեն նկատեցինք, որ քրգործը հարուցել է Աղվան Հովսեփյանը: Ավելացնենք, որ նա նախաքննության ղեկավար էր նշանակել իրեն առընթեր Գեւորգ Թովմասյանին (վերջին տարիներին տեղի ունեցած աղմկահարույց քրգործերում նրա «թեթեւ» ձեռքով բազմաթիվ նյութեր թխվեցին, դրանցից մեկի արդյունքում Վահան Հարությունյանը 2 տարվա մեջ ազատություն ստացավ, իսկ Տեր-Սահակյան Արմենը սպասում է մահապատժին (այժմ՝ ցմահ դատապարտված), եւ սա այն դեպքում, երբ, ըստ նախաքննության, կրկնում եմ՝ ըստ նախաքննության, նրանք երկուսն էլ նույն արարքն էին կատարել):
.
Ուշագրավ է նաեւ այն, որ Հայաստանում տեղի ունեցած բոլոր այդ աղմկահարույց գործերի օպերատիվ հետաքննությունները, մինչեւ 99թ. հանձնվել է՝ ՆԳՆ 6-րդ վարչության պետի տեղակալին, իսկ 99-ից հետո ՀՀ ՆԳՆ քրեական հետախուզության գլխավոր վարչության պետին, (այժմ՝ ԱԱՆ պետի տեղակալին) իսկ տարօրինակն այն է, որ բոլոր դեպքում էլ խոսքը միեւնույն անձնավորության՝ Հրաչյա Հարությունյանի («Կրակեմ Հրաչ») մասին է: «Հոկտեմբերի 27»-ի գործով վերջինիս դերակատարումները նույնպես շատ տարօրինակ են ու նաեւ կասկածելի եւ արժանի ուսումնասիրության, սակայն այդ մասին մեկ այլ՝ «Ինչու հատկապես «կրակեմ» Հրաչի՞ն»հրապարակումով:

Վահագն Ղուկասյան   septemberi21.blogspot.com

 


Այս թեմայով