Ինչ է իրականում տեղի ունեցել․ «Աշտարակ Կաթ»-ի խնդրի մասին

Օրերս լրատվականներից մեկի հրապարակված հոդվածում ներկայացվել էին տեղեկություններ օրերս ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Գևորգ Աճեմյանի և «Պարգև» ՍՊԸ ղեկավարների միջև տեղի ունեցած հանդիպման մասին։ Հրապարակման մեջ նաև նշվում էր, որ Գևորգ Աճեմյանը  «Պարգև» ՍՊԸ ղեկավարներին հորդորել է  «Աշտարակ Կաթ» ընկերությունը վերադարձնել  իր նախկին սեփականատիրոջը՝  Աշոտ Ափոյանին։ Ըստ հրապարակման վարչապետի գործերի կառավարիչը սպառնացել էր հակառակ պարագայում գործին խառնել ԱԱԾ-ին։

Հուլիսի 12-ին  «Աշտարակ Կաթ» ընկերությունն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում ներկայացրել է պարզաբանում, որում մանրամասներ են ներկայացվում տեղի ունեցած հանդիպման մասին․«Ցանկանում ենք հանրությանը տեղեկացնել, որ ՀՀ վարչապետի գործերի կառավարիչ Գևորգ Աճեմյանի և «Պարգև»  ՍՊԸ ղեկավարների միջև իրոք տեղի է ունեցել հանդիպում, որի ժամանակ իրապես քննարկվել է Աշտարակ Կաթ ապրանքային նշանը «Աշտարակ Կաթ» ՓԲԸ նախկին սեփականատեր Աշոտ Ափոյանին փոխանցելու հնարավորությունը, սակայն սպառնալիքներ չեն հնչել, ինչպես մեջբերված է լրատվական կայքում»,-ասվում է հայտարարության մեջ։

Հանդիպման մասին տեղեկությունները չի հերքել նաև հենց Գևորգ Աճեմյանը, հայտարելով, որ ինքը ոչ թե «բիզնես խլելու»  փորձ է արել, այլ տեղեկատվական բնույթի հանդիպում է տեղի ունեցել: Կարևոր մի հանգամանք էլ կա, որի մասին կցանկանայինք նշել. «Աշտարակ կաթ»-ի նախկին սեփականատերը «Կյանքի խոսք» ավետարանչական եկեղեցու անդամ է, որի անդամ է նաև վարչապետիի աշխատակազմի գործերի կառավարիչը:

Այս հանգամանքը շատերին էր վրդովեցրել և տպավորություն է, որ Աճեմյանը ցանկանում է իր եկեղեցու անդամ գործարարի հարցերը լուծել՝ չարաշահելով պաշտոնական դիրքը։

Politik.am—ը խնդրի պարզաբանման համար կապ հաստատեց «Աշտարակ կաթ» ընկերության նախկին սեփականատեր Աշոտ Ափոյանի հետ (նա համարում է, որ ընկերության իրական սեփականատերը ինքն է և  իրականում իրենից խլել են այն)։ Պարոն Ափոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը որևէ խնդրանքով չի դիմել վարչապետի գործերի կառավարից Գևորգ Աճեմյանին․ «Խնդրի մասին մենք նամակ ենք գրել վարչապետ Փաշինյանին, վարչապետի վերահկողության ծառայությանը, ԱԱԾ-ին և այլ պաշտոնական մարմիններին։ Ես այս պահին չեմ կարող ասել, թե ում հրահանգով է Աճեմյանը կազմակերպել այդ հանդիպումը»,-ասաց Ափոյանը՝ խոստանալով, որ մոտ օրերս մանրամասն կխոսի իր ընկերության հետ կապված խնդրի մասին։

Խնդրի կապակցությամբ Politik.am-ը կապ հաստատեց նաև ՀՀ վարչապատի աշխատակազմի գործերի կառավարիչ Գևորգ Աճեմյանի  հետ՝ պարզելու համար, թե իրականում ո՞վ է իրեն հրահանգել նման հանդիպում կազմակերպել, այն դեպքում, երբ նա այդպիսի լիազորություններ չունի ի պաշտոնե։ Վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչը մեզ հետ զրույցում ասաց․ «Ոչ ոք չի հրահանգավորել։ Մանրամասների վերաբերյալ մի քանի օրից պարզաբանումներ լինելու են»։

Այս թեմայով