Ինչ է ասել Ալիևը Սարգսյանին. գաղտնի պայմանավորվածությու՞ն

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Շվեյցարիայի մշտական ներկայացուցչի կեցավայրում կայացավ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների բանակցությունները:

Հանդիպման արդյունքում որևէ էական նշանակություն ունեցող հարց չի քննարկվել, սակայն բանակցություններից հետո Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի արած հայտարարությունը բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս: Նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ  Ալիևը ևս շահագրգռված է, որ մենք առաջնագծում չունենանք զոհեր. «Մի քանի րոպե առաջ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումն ավարտվեց. որևէ կոնկրետ պայմանավորվածություն, այսպես ասած, չունենք, խնդրի լուծման տարբերակների մասին: Բայց պայմանավորվել ենք, որպեսզի միջոցներ ձեռնարկենք լարվածությունն էլ ավելի թուլացնելու, որպեսզի առաջնագծում չունենանք զոհեր: Պետք է ասեմ` և՛ Ադրբեջանի նախագահը, և՛ ես դրանում խորապես շահագրգռված ենք»,-ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:

Հետաքրքիր է, ինչ է ասել Ալիևը Սարգսյանին, որ նա հանդիպումից հետո նման հայտարարությամբ է հանդես եկել: Մի՞թե Սարգսյանը մոռացել է, որ ընդամենը օրեր առաջ իր խոսնակի բերանով բավական կոշտ էր արտահայտվել նույն Ալիևի մասին. «Մեր և Բաքվի պատկերացումները խայտառակության մասին խիստ տարբերվում են։ Գուցե Ադրբեջանում չգիտեն, բայց մեր տարածաշրջանում հնուց ի վեր խայտառակություն է համարվել նախապես ձեռք բերված պայմանավորվածություններից հետ կանգնելը։ Խայտառակություն է, երբ միջազգային ասպարեզում այլ պետությունների ղեկավարների ներկայությամբ ասածն ու սեփական պատերի ներսում ասածը չեն համապատասխանում իրար։ Խայտառակություն է, երբ փորձում են միջազգային հանրությանը և սեփական ժողովրդին խաբել»,-հայտարարել էր նախագահի մամուլի խոսնակը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի՝  Ադրբեջանի նախարարների խորհրդի  նիստում հնչեցրած հայտարարությանը:

Մի քանի օրերի ընթացքում հնչած տեսակետների այս չափ տարբերությունը նշանակում է, որ բանակցությունների ընթացքում քննարկվել են հարցեր կամ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որի մասին հանրությունը չունի տեղեկություններ:

Ի վերջո դժվար է պատկերացնել, որ Ալիևին ստախոսության և սադրանքի մեջ մեղադրելուց հետո Սերժ Սարգսյանը նման լավատեսությամբ լցված կլիներ նույն Ալիևի նկատմամբ առանց լուրջ պատճառների:

 


Այս թեմայով