Ինչ է առաջարկում Սամվել Բալասանյանը

unnamedՕրերս Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը տեսաուղերձով դիեմց գյումրեցիներին և ներկայացրեց իր «Գյումրին առանց տնակների» ծրագիրի գաղափարը: Այսօր արդեն նա իր ծրագիրն է ներկայացնում գյումրեցիներին:

Սիրելի գյումրեցիներ

Ինչպես և խոստացել էի, Ձեզ եմ ներկայացնում «Գյումրին առանց տնակների» ծրագիրը,  որի իրագործմամբ հուսով եմ կկարողանանք բեկում մտցնել մեր քաղաքի համար այդքան կարևոր անօթևանության լուծման խնդրում: Նորից եմ կրկնում, որ պատրաստ եմ քննարկել ցանկացած միտք և առաջարկ՝ այս թեմայի առնչությամբ:

Կարծում եմ՝ սրանք են այն հիմնական քայլերը,  որ մենք պետք  է  իրականացնենք.

1.Տարիների  ընթացքում տնակներում բնակվող մեր համաքաղաքացիները կարողացել են քարապատել իրենց տնակները կամ դրանց տեղում քարաշեն կառույցներ ստեղծել: Առաջին քայլով՝ անհրաժեշտ է քարապատ տնակները անվճար սեփականաշնորհել,  բացառությամբ այն դեպքերի,  երբ կա քաղաքի գլխավոր հատակագծի և քաղաքի զարգացման տրամաբանության հետ խիստ անհամապատասխանություն: Այս գործընթացը ես արդեն սկսել եմ:

2.Եթե տարածքը համարվում է կանաչ գոտի,  բայց այգի չէ,  և տարածքում շատ են քարաշեն տնակները,  ապա անհրաժեշտ է քաղաքի գլխավոր հատակագիծը փոխելով,  այդ տնակները ևս անվճար սեփականաշնորհել:  Այս գործընթացը ևս սկսված  է: Այս երկու կատեգորիաներում գտնվող տնակների թիվը կազմում է մոտ 200:

3. Կիսաքարաշեն տնակների բնակիչները, եթե ունեն կառույցը սեփականաշնորհելու և տարիների ընթացքում ամբողջությամբ քարաշեն դարձնելու ցանկություն, առաջարկայության դեպքում կստեղծենք իրավանորմատիվային հիմք` այն սեփականաշնորհելու համար: Այս պարագայում, մարդը գիտենալով որ այն արդեն իրենն է, քարը քարին կդնի առանց ավելորդ քաշքշուկների: Սրա համար անհրաժեշտ է  մեր պատգամավորների ակտիվ աշխատանքը,  քանի որ օրենքով համայնքի ղեկավարը և ավագանին ներկայումս չունեն այս իրավասությունը:  Այս ճանապարհով մենք կլուծենք ևս 300 ընտանիքի հարց:

4.Սակայն  այս ամենը գործի ընդամենը մեկ քառորդն  է,  տնակների գերակշիռ մասը այլևս պիտանի չէ բնակության համար: Իմ ուսումնասիրությունները ցույց են տվել,  որ տնակների բնակիչների մոտ 40 տոկոսը կարող են և պատրաստ են բնակարան գնել հիպոթեքով,  սակայն կա երկու էական խանգարող հանգամանք՝  սկզբնական մուծումը և՝ եկամուտների մասին տեղեկանքը: Հաշվի առնելով այն, որ մեր համաքաղաքացիների մեծ մասը աշխատում են արտերկրում՝ մեզ անհրաժեշտ  է  տնակների բնակիչների համար ստեղծել առանց տոկոսների,  երկարաժամկետ՝ 10-15 տարի ժամկետով,  առանց նախնական մուծումների և առանց եկամուտների մասին տեղեկանքի հիպոթեքային ծրագիր:  Հասկանալի է,  որ բանկային համակարգը չի կարող առաջարկել նման վարկային պրոդուկտ, ուստի մեզ անհրաժեշտ է  ստեղծել հիմնադրամ,  որից էլ պետք է  ֆինանսավորվի բնակարանների գնման գործընթացը:  Հիմնադրամը կկոչվի «Գյումրին առանց տնակների»,  որը պետք  է  համապատասխանի հետևյալ պահանջներին.

Ա.Ցանկացած չարաշահում բացառելու և Հիմնադրամի նկատմամբ լուրջ վստահություն ստեղծելու համար Հիմնադրամի կառավարման խորհուրդը պետք է լինի պետական և համայնքային կառույցներից անկախ մարմին և կազմված լինի հանրային վստահության մեծ պաշար ունեցող անձանցից,  հասարակական կազմակերպություններից, լրատվական դաշտից, հոգևոր դասից, հայրենակցական միություններից, մշակութային գործիչներից, ինչպես նաև՝ մեկական ներկայացուցիչ քաղաքապետարանից և մարզպետարանից:

Բ. Հիմնադրամի կառավարման խորհրդը պետք է օժտել հիմնադրամի մուտքերի և ելքերի նկատմամբ լիակատար վերահոսկողությամբ:

Գ. Ցանկացած տիպի չարաշահում կամ նույնիսկ չարաշահման կասկած բացառելու համար  կառավարման խորհուրդը պետք է լինի բաց,  պարբերաբար հանդես գա հաշվետվություններով, որոշումներն ընդունի կոնսենսուսով և ժամանակ առ ժամանակ՝ ենթարկվի ռոտացիայի:

Դ. Հիմնադրամի սկզբնական գումարն ապահովելու համար պետք է դիմել մեր համաքաղաքացիներին և հայրենակիցներին՝ Հայաստանում և Սփյուռքում, հատկացումներ անել քաղաքային բյուջեից: Հիմնադրամը պետք է իրականացնի դրամահավաք-մարաթոններ, կազմակերպի բարեգործական ներկայացումներ, համերգներ, ցուցահանդես-վաճառքներ, աշխատի բարեգործների հետ: Լավ մեկնարկի համար ինքս պատրաստ եմ բնակարան նվիրել տնակում բնակվող բազմազավակ մեկ ընտանիքի,  ինչպես նաև, որպես քաղաքապետ, Հիմնադրամին տալ ամբողջ աշխատավարձս և նվիրատվություններ անել ընտանիքիս պատկանող բիզնեսից: Հուսով եմ,  որ այդպես կվարվեն նաև մեր պաշտոնյաների և պատգամավորների մեծամասնությունը,  որպես լավ օրինակ:

Ե. Հավաքված գումարներով գնված բնակարանները վիճակահանության սկզբունքով պետք է հանձնել տնակների բնակիչներին, առանց տոկոսների՝ 10 կամ 15  տարվա ընթացքում մարելու պայմանով:  Հետ վերադարձված գումարները ևս պետք է ուղղել նոր բնակարանների գնմանը: Պարտադիր պայման պետք է լինի տնակի ապամոնտաժումը և տարածքի հանձնումը: Մեզ համար ամենադժվարը, կարծում եմ, առաջին 100-150  բնակարանի գնումը կլինի, որից հետո գործընթացը կստանա ձնագնդի էֆեկտ:

5. Գիտեմ, որ մեր համաքաղաքացիներից շատերը չունեն նույնիսկ ամսական  30-40 հազար դրամ վճարելու հնարավորություն,  բնականաբար դա չի կարող և չպետք է պատճառ հանդիսանա նրանց տնակներում թողնելու համար:  Ամենածայրահեղ պայմաններում գտնվող գյումրեցիների համար պետք է ձևավորել սոցիալական բնակարանների ինստիտուտ:  Բնակարաններ,  որոնք չեն լինի սեփականություն,  բայց մարդը և իր ժառանգները կարող են ապրել անժամկետ,  նորմալ մարդկային պայմաններում,  իսկ երբ ունենան ֆինանսական հնարավորություն,  կարող են պայմանագիր կնքել և գնել այդ բնակարանները:

6. Պետք է ձևավորել հայտնի գյումրեցիներից և ոչ միայն գյումրեցիներից կազմված ծրագրի դեսպանների ինստիտուտ,  որոնք ներկայացնելու են ծրագրի նպատակներն ու սկզբունքները,  մասնավորապես՝ օգնեն դրամահավաքների կազմակերպմանը:

7. Անհրաժեշտ եմ համարում թույլ չտալ նոր տնակների տեղադրում,  և այս հարցում լինել խիստ ու հետևողական:

8. Նաև պետք  է իրականացնել չբնակեցված տնակների ապամոնտաժման ծրագիր՝ դրանց տերերին տրամադրված որոշակի փոխհատուցման դիմաց:

Սիրելի գյումրեցիներ,  իհարկե, սա ընդհանուր բովանդակությունն է այն ամենի՝ ինչ մենք պետք է անենք մեր քաղաքի կարևորագույն խնդիրը լուծելու համար:

Սպասում եմ Ձեր արձագանքներին և առաջարկներին

Հարգանքով՝ Ձեր քաղաքապետ Սամվել Բալասանյան

 

 

 


Այս թեմայով