Ինչպես մսխել պետական միջոցները. «Ժողովուրդ»

1«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում բյուջետային միջոցները մսխելու մի ամբողջ «մշակույթ» է ձեւավորվել: Այդ երևույթը ողջ աշխարհում կոչվում է կոռուպցիա, իսկ մեզ մոտ այն դարձել է պետությունը կառավարելու սովորական կենսակերպ: Հայաստանում պետական կառույցների ծրագրային ապահովումների վրա այնքան շատ գումար է ծախսվել եւ ծախսվում, որ զարգացած պետություններն անգամ կնախանձեն: Այս երեւույթի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այն չունի չափման միավոր: Ուստի, երբ ծրագրային ապահովման խնդիրը լուծելու հետ մեկտեղ նպատակ են դրվում պետական միջոցները մսխել, այս դեպքում այն վերածվում է «փողի փոշեկուլի»: Օրերս «Ժողովուրդ»-ը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հետաքրքրվել էր, թե էլեկտրոնային կենսաթոշակային համակարգ ստեղծելու համար որքան գումար է պետբյուջեից հատկացվել, եւ երբվանից է այն գործում: Քանի որ հսկայական միջոցներ ներդրվեցին այդ համակարգի վրա ու դեռ շարունակում են ներդրվել: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից մեզ տրված պատասխանից տեղեկանում ենք. «Կենսաթոշակային հաշվառման «Էլեկտրոնային կենսաթոշակ» տեղեկատվական համակարգի ներդրման նպատակով ՀՀ կառավարության 2011 թ. մայիսի 26-ի թիվ 689-Ն որոշմամբ պահուստային ֆոնդի հաշվին ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայությանը 2011 թ. 1-ին կիսամյակում հատկացվել է 84 մլն 500 հազար դրամ»,- նշված է մեզ տրված պատասխանում: Իսկ համակարգը սկսել է գործել 2013-ից: Այսինքն՝ մարդիկ 210 հազար դոլար են ծախսել՝ ընդամենը մեկ ծրագրային ապահովման խնդիր լուծելու համար, ու դեռ պարզ չէ, թե ինչքան պիտի ծախսեն, քանի որ «տեղեկատվական համակարգի կատարելագործման աշխատանքները կրում են շարունակական բնույթ»: Թերեւս ցանկացած ծրագրավորող կարող է ապացուցել, որ նման գումարով, մեղմ ասած, մի քանի համանման ծրագիր կարելի է ստեղծել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 87 անգամ
 


Այս թեմայով