Ինչպես կենդանացնել քաղաքական դիակին. դաս համար մեկ

ՀՀ ներքաղաքական կյանքը նմանվել է մի դիակի, որին ամեն պատահական անցորդ` պատահական գտած էլեկտրական լարերով, էլեկտրահարմամբ ցանկանում է վերակենդանացնել։ Ըստ էության, այս զավեշտալի համեմատությունը ռելեվանտ է ներկայիս քաղաքական իրողությունների պայմաններում։ Քաղաքական և հանրային գործիչների մեծ մասի կողմից քաղաքական գիտությանը և քաղաքականության արվեստին չտիրապետելը` հանգեցնում է նրան, որ հանրային քաղաքականության մեջ օպոզիցիան վերանում է։

Այս հոդվածում մենք կանրադառնանք երկու կարծրատիպերի կամ քաղաքականության արվեստին հակադիր եզրույթների։ Նման հասկացությունների օգտագործման հետևանքները բացասական են, բայց այնուամենայնիվ` դժվարաչափ։

1. Քաղաքական իլյուզիաներ.

Քաղաքական իլյուզիաների կրողը` քաղաքական և հանրային կյանքում ինքնուրույն, ինքնակամ իր մոտ եղած պատրանքները մատուցում է «իրականության» տեղ: Սրանց մեջ կարելի է թվարկել` քաղաքական հակառակորդին հատկանիշներ վերագրելը , որոնք ի բնե կամ ըստ էության քաղաքական հակառակորդը չի տիրապետում, կամ իրենց առջև դնել` հասնելու առումով` քիչ հավանական նպատակներ։

Նաև սրանց թվին է դասվում հանրային կամ քաղաքական գործիչների կողմից քաղաքական իրականության վերաբերյալ այնպիսի բացատրությունները, որոնք քիչ հավանական են ճշմարիտ լինելու կամ իրական իրերի վիճակին համապատասխանելու առումով։ Սակայն դրան սույն հանրային կամ քաղաքական գործիչը, իր ինքնահավանության և քաղաքական տգիտության պատճառով` հավատում է։

Այսպիսով, ամփոփելով կարելի է ասել քաղաքական իլյուզիաների կրողը ազնիվ կամ ռոմանտիկ մղումներով` քաղաքական անհաշվենկատ ու բախտախնդիր տգետն է, ով ուղղակիորեն կամ անուղղակիորեն դառնում է գործիք քաղաքական փորձառու գործիչների` դրանց կողմից հովանավորվող քաղաքական հոսանքների և քաղաքական գործակալների ձեռքին։ Այսինքն` դառնում է պիտանի հիմար։ Նման անձիք, երբեմն, ակամա դառնում են նաև քաղաքական «ծաղրածուներ»` զվարճացնելով կամ զբաղեցնելով հանրությանը իրենց պսևդոքաղաքական գափարներով։

2. Հակապաթոս և հակաէմոցիականություն.

Որոշ քաղաքական կամ հանրային գործիչներ` ձգտելով, այսպես ասած, մաքսիմալ «օբյեկտիվության» քննդատում են քաղաքականության մեջ պաթոսը և էմոցիաները։ Նրանք` անտեսելով քաղաքականության պամությունը և դրա բնույթը` փորձում են կանխել պաթոսային կամ էմոցիոնալ արգումենտները և հռետորաբանությունը։ Այսպես նրանք անտեսում են քաղաքական արվեստի որպես մարդ-հանրություն փոխհարաբերությունների ինտելեկտուալ-հուզական բնույթը։ Վերջինիս անտեսումը պայմանավորված է հետևյալով. նրանք իրենց արգումենտներով ցանկանում են գրավիչ լինել հանրության մտավոր պոտենցիալ ունեցող փոքրամասնությանը և անտեսել հանրության կարևորագույն զանգվածին` ոչ ինտելեկտուալ մեծամասնությանը։ Նմանատիպ օբյեկտիվիզմը, որը, ինչպես նշվեց, հետևանք է քաղաքականության պատմության և քաղաքական փորձի անտեսման` հանգեցնում է քաղաքական և հանրային գործչի անկարողության, անզորության, և հաճախ նաև, քաղաքական «իդիոտի» կամ մեկուսիի կեցվածքի ընդունմանը։

 


Այս թեմայով