Ինչպե՞ս խուսափել Ղարաբաղում նոր պատերազմից

«Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգեցրած գործոններից շատերը ոչ միայն առկա են, այլեւ էլ ավելի են սրվել», — Միացյալ Նահանգների Կոնգրեսի Հելսինկյան Հանձնաժողովում անցած Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ լսումներին հայտարարեց Միջազգային ճգնաժամային խմբի ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն:

Նրա խոսքով, կողմերն այսօր չեն վստահում ոչ միմյանց ոչ էլ՝ միջնորդական գործընթացին: Այսպես, Ադրբեջանը միջնորդներին կասկածում է ներկա ստատուս քվոն հավերժացնելու փորձի մեջ, իսկ հայկական կողմն այլեւս չի վստահում անվտանգության երաշխիքներին: Դրանից բացի, Ռուսաստանի, Թուրքիայի, Պակիստանի եւ Իսրայելի զենքերի շնորհիվ հակամարտության տարածաշրջանում, առաջին հերթին Ադրբեջանի կողմից վարած քաղաքականության ջանքերով էլ ավելի է աճել զենքի քանակն ու որակը: Արդյունքում, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի շփման գիծն աշխարհում առավել ռազմականացված գոտիներից է, նշում է Գրոնոն.

«Տարածաշրջանում գործող մարդասիրական կազմակերպություններն այնքան են մտահոգված, որ այժմ հնարավոր պատերազմի համար գործողությունների ծրագրեր են մշակում»:

Լսումների մյուս մասնակից, ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ-ի նախկին համանախագահ դեսպան Քերի Քեվինոն ընդգծում է, որ ռազմական գործողությունների հնարավորությունը նվազագույնի հասցնելու համար կողմերին անհրաժեշտ է կյանքի կոչել արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունները. Ավելացնել շփման գծում միջազգային դիտորդների թիվը եւ նրանց հրադադարի ռեժիմի խախտման միջադեպերի հետաքննության լիազորություններ տալ:

«Եթե կողմերն ի վիճակի չեն դրանք իրականացնել, մի գուցե, մենք պետք է փոխարենը այլ ուժերի միջեւ համաձայնագրերի ստորագրմանը հասնենք: Օրինակ, Թուրքիան եւ Ռուսաստանը կարող են պարտավորվել չմիջամտել, եթե հակամարտությունը ռազմական գործողությունների վերածվի: Միացյալ Նահանգներն էլ կարող է Ռուսաստանի հետ հատուկ ծառայությունների տվյալներ փոխանակել Լեռնային Ղարաբաղում հրադադարի խախտումների վերաբերյալ»:

Ի պատասխան Ադրբեջանի ներկայացուցչի հարցին թե դեսպանը դրանով հիվանդությունը բուժելու փոխարեն փորձում է վերացնել ախտանշանները, Քերի Քեվինոն պատասխանել է, որ ստեղծված պայմաններում դրան նույնպես պատրաստ է.

«Այո, մենք կվերացնենք ախտանշանները, քանի որ դրանք էլ ավելի են բարդացնում իրավիճակը, քանի որ մարդկային զոհերը դժվարացնում են դեպի կարգավորում ճանապարհը»:

Մինսկի խմբի մեկ այլ նախկին համանախագահ, դեսպան Ջեյմս Ուորլիքն իր կողմից նշեց, որ չնայած լրատվամիջոցների հաղորդումների, կողմերի դիրքորոշումներն իրականում բավականին մոտ են միմյանց.

«Կողմերը մի քանի անգամ գրեթե հասել են համաձայնության, եւ վերջին անգամ դա 2011 թվականին էր»:

Դեսպանի խոսքով, սեղանի վրա դրված առաջարկները, այդ թվում Ղարաբաղի կարգավիճակի շուրջ հանրաքվեն, անվտանգության միջազգային երաշխիքները, Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ ցամաքային սահմանը եւ Ադրբեջանին շրջանների վերադարձը պետք է դիտարկվեն միայն որպես մեկ հավաքական պայմանագիր:

Անկախ հակասություններից, բոլոր փորձագետները համաձայն են, որ նոր պատերազմ եւ նոր զոհեր պետք չեն եւ ոչ ոքի:

 


Այս թեմայով